ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անհանգստություն է հայտնել հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության առնչությամբ: Այս մասին նա ասել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ամերիկյան ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:
«ԵԱՀԿ-ի շրջանակներում ինձ շփման գիծ այցելելու հնարավորություն է ընձեռվել: Շփման գծում առկա է լարվածություն: Կարծում եմ, որ մեր աշխատանքը կայանում է ակտիվ ռազմական գործողությունները կանխելու մեջ: Այստեղ մշտապես դեպքեր են տեղի ունենում, և մարդիկ են զոհվում»,- նշել է Ուորլիքը:
Համանախագահը խոսելով տարածաշրջան այցի մասին՝ նշել է, որ որոշել է համակողմանիորեն ուսումնասիրել իրավիճակը տեղում: Նրա խոսքերով՝ բոլոր կողմերը կցանկանային հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ոչ մեկը չէր ցանկանա ռազմական գործողությունների վերսկսում:
«Հակամարտության վերսկսումը վատագույն ուղին է: Անկասկած, մենք չէինք ցանկանա նման հակամարտություն տեսնել տարածաշրջանում: Ես մտադիր եմ աշխատել բոլոր կողմերի հետ՝ կառուցողական ուղի գտնելու համար, որը կհանգեցնի կայուն հաշտեցման»,- նշել է Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշել է, որ կողմերը պետք է բնակչությանը նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Նրա խոսքով՝ առաջ շարժվելու համար կարևոր է կողմերի քաղաքական կամքը:
«Դա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է փոխզիջում գտնեն»,- ասել է համանախագահը և հավելել, որ հակամարտության ակտիվացումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: