Հայաստանը դասվում է աշխարհի արագորեն ծերացող երկրների շարքին: Այսօր երկրի բնակչության 14.4 տոկոսի տարիքը 60-ից բարձր է: Երևույթին նպաստում են ինչպես ծնելիության անկումը և ակտիվ տնտեսական ու վերարտադրողական տարիքի բնակիչների արտագաղթը, այնպես էլ կյանքի միջին տևողության երկարաձգումը, ինչը պայմանավորված է նաև ժամանակակից բժշկության ձեռքբերումներով:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագիտական վերլուծության կանխատեսումները ցույց են տալիս, որ 2050 թ.-ին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը՝ 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց: Այս մասին նշվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ)՝ Տարեցների միջազգային օրվան նվիրված համատեղ ասուլիսում:
Հայաստանի բնակչության նշանակալի հատվածի ծերացումը նշանակում է նաև, որ հասարակության մեջ կնվազի 63-ից բարձր մեկ տարեցի հաշվով աշխատող մարդկանց թիվը կամ աջակցության գործակիցը: Ինչպես ցույց է տալիս ՄԱԲՀ վերլուծությունը, այս գործակցի դրական փոփոխության համար ամենանպաստավորը կարող է լինել ծնելիության բարձրացման և բնակչության զբաղվածության ապահովման համակցումը: Այդուհանդերձ, եթե գործազրկության հաղթահարումը կարելի է համարել համեմատաբար իրատեսական խնդիր, ապա ծնելիության բարձրացումը բավականին դժվար հասանելի է՝ հաշվի առնելով վերջինի ծախսատարությունը և Հայաստանի բնակչության բնական հավելաճի մոտալուտ բացասականացումը:
«Բնակչության կազմում տարեց բնակիչների բաժնի նման աճը մեծ սոցիալ-տնտեսական բեռ է ենթադրում պետության համար, և այստեղ շատ կարևոր է կանխավ պատրաստվել և համապատասխան քաղաքականություններ ներդնել մինչև այդ համամասնությանը հասնելը: Լուծումներից մեկը, օրինակ, կարող է լինել այսպես կոչված «ակտիվ երկարակեցության» հայեցակարգի իրականացումը, ըստ որի տարեց մարդիկ հնարավորինս երկար են մնում հասարակության, իրենց համայնքների և ընտանիքների ակտիվ, գործուն և բեղմնավոր անդամներ», - նշել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: