ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն: Նախարարը, ողջունելով բուհի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ այն նոր հնարավորությունններ է բացում հայ ուսանողների համար: Արմեն Աշոտյանի խոսքով' ճարտարագիտական կրթությունը Հայաստանում դրված է լավ ավանդույթների վրա և ներկայիս կրթական ոլորտը, ըստ նախարարի, խորհրդայինից վերցրել է այն լավագույնը, որ կար այդ համակարգում:

Ա. Աշոտյանն ավելացրել է, որ մեր երկիրը Ֆրանսիայի հետ ունի արդյունավետ համագործակցության փորձ' ընդգծելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Նախարարը համալսարանի ապագա գործունեության ընթացքում կարևորել է գիտահետազոտական բազայի առկայությունը' այն համարելով որակյալ կրթության կարևոր բաղադրիչ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա, համակարգում մասնավոր հատվածի ներգրավման և ներդրումների անհրաժեշտության խնդիրներին: Նախարարը հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանն առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը' այսպիսիով դառնալով եվրոպական միասնական կրթական տարածքում իրականացվող բարեփոխումների պատասխանատու երկիր:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բուհի հավատարմագրման գործընթացի անցկացման և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը: Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2013-14թթ.: