Hraparak.am-ի տեղեկություններով` «Հանրային հեռուստաընկերության» մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն ազատվել է աշխատանքից: Կայքի աղբյուրների հաղորդմամբ` «Հ1»-ի տնօրինությունը վերջին շրջանում բազմաթիվ արհեստական խոչընդոտներ է առաջացրել Քալանթարյանի համար, ով ի վերջո ազատման դիմում է ներկայացրել և տեղափոխվել «Արմենիա» հեռուստաընկերություն:

 

Էլ ավելի տարօրինակ է «Հայլուրի» մարզական մեկնաբան` Մենուա Մեհրաբյանի հետ կատարվածը. նա գրեթե 2 տարի է «Հ1»-ի եթերից մարզական լուրեր է հաղորդում և ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն օրեր առաջ Մեհրաբյանին կանչում են և հայտնում, որ նրա արտաքին տվյալները չեն համապատասխանում եթեր դուրս գալուն: Մեր տեղեկություններով' Մեհրաբյանին դեռևս չեն ազատել աշխատանքից. նա կշարունակի ֆուտբոլային հանդիպումներ մեկնաբանել, սակայն այլևս եթերում չի երևա:

 

Կայքը գրում է, որ հարց է առաջանում` ինչո՞ւ են «Հանրայինում» առանց պատճառաբանության ազատում երիտասարդ, բայց փորձառու աշխատակիցներին: Պարզվում է, որ նոր տնօրինությունն իր կադրերն է պատրաստում, բայց զավեշտալին այն է, որ այդ կադրերին վերոնշյալ փորձառու աշխատակիցներն են օգնում կայանալ, այդ թվում` Էդուարդ Քալանթարյանն ու Մենուա Մեհրաբյանը:

 

ՀԳ. Գուցե «Հ1»-ի նոր ռուս պրոդյուսերին դուր չեն գալիս հայկական արտաքինով տղամարդիկ: