ԱՄՆ Օհայո նահանգի դատարանը հրաժարվել է ողջ ճանաչել տղամարդու, ում քսան տարի շարունակ մահացած են համարել, չնայած այն հանգամանքին, որ տղամարդն անձամբ է մասնակցել դատական նիստին: Ի դեպ, դատարանի նման որոշումից ոչ ոք, կարծես, չի դժգոհում, առավելապես «մահացածի» կինը, քանի որ հակառակ պարագայում նա ստպված կլիներ վերադարձնել այն գումարները, որ իշխանությունները վճարել են որպես սոցիալական օգնություն երեխաների ծախսը հոգալու համար:

«Գազետա.ռու»-ն հաղորդում է, որ Դոնալդ Միլլերը անհետացել էր 1986թ-ին: Այն ժամանակ 34-ամյա տղամարդը կորցրել էր աշխատանքը, հեռացել կնոջից և երկու երեխաներից ու անհետ կորել' իրենից հետո թողնելով միայն մի քանի հազար դոլարի չվճարված ալիմենտ: Անհետացումից ութ տարի անց դատարանը նրան ճանաչել էր մահացած: Սակայն տղամարդը, փաստորեն, չէր մահացել և 2005թ-ին փորձ կատարեց վերականգնել սոցիալապահովագրության քարտը: Վերջինս սակայն չհաջողվեց, քանզի փաստաթղթում նշված էր, որ նա դե-յուրե մահացած է:

Դրանից հետո նրա մասին կրկին ոչ մի տեղեկություն չկար մինչ այս երկուշաբթի, երբ Միլլերը դիմեց դատարան ու փորձեց իր ներկայությամբ ապացուցել, որ ողջ-առողջ է: Չհաջողվեց. Օհայոյի օրենսդրության համաձայն' դատարանի որոշումն այն մասին, որ անձը ճանաչվում է մահացած, կարելի է բողոքարկել 3 տարվա ընթացքում, իսկ Միլլերը, փաստորեն, ուշացել է 16 տարով:

Դատավոր Ալլան Դևիսը հայտնել է, որ իր 40-ամյա գործունեության ընթացքում նման դեպքի չի առնչվել, թեև դժվարացել է կանխատեսել, թե ինչ զարգացում կլինի հետագայում: