Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին մտահոգում է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը, սակայն, նրա խոսքով, սա սպասելի էր: «Նվազման բազմաթիվ պատճառներ կան, հիմնականում շինարարության ոլորտում ունենք նվազում, այս տարի շուրջ 10 տոկոսի նվազում ունենք»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Ավանեսյանը:

 


Նրա խոսքով՝ այնպես չէ, որ կառավարությունը հաշվի չէր առել ռիսկերը, կառավարության ծրագրում գրված է, թե ինչ ռիսկեր կարող են սպասվել Հայաստանին: Հարցին, թե մի՞թե տարեսկզբին, երբ Սերժ Սարգսյանը կառավարությանը 7 տոկոսանց աճ ապահովելու հանձնարարական էր տալիս, հաշվի չէին առել, որ դա անիրատեսական է, նախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերվում է տարբեր ոլորտներում նման զարգացումներին, ապա մենք չէինք կանախտեսում, որ դա կլինի: Կանխատեսում էինք, որ շինարարությունն այնուհանդերձ, չնայած ոչ բարձր, բայց աճ կունենար»:

 


Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե այն կառավարությունը, որը չի կարողանում 7 տոկոսանց աճ ապահովել, պետք է հրաժարական տա, Վահրամ Ավանեսյանն ասաց. «Տվյալ դեպքում ես հետևյալը պետք է ասեմ, որ եթե կառավարությունը հրաժարական պետք է տա, ապա կտա: Իմ անունից կարող եմ ասել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները հաշվի առնելով, այսօրվա վիճակը հաշվի առնելով՝ պետք է ասեմ, որ կան նաև ճյուղեր, որտեղ զգալի աճ ունենք, ավելի բարձր, քան 7 տոկոսը: Խնդիրն ավելի շուտ քաղաքական է, դրա համար, եթե հանրապետության նախագահը նպատակահարմար կգտնի, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, ուրեմն կտա»:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, սակայն, տրամադրված չէ կառավարության հրաժարականին: Նախարարը խուսափեց հրաժարականի հարցից, իսկ տնտեսական աճի նվազման վերաբերյալ հարցին պատասխանեց, որ տարին դեռ չի ավարտվել, տարեվերջին նոր հնարավոր է քննարկել՝ արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ ցուցանիշին հասնելու համար, թե ոչ: «Յոթ տոկոս տնտեսական աճը դա քաղաքական նպատակ է, որը դրված է կառավարության առաջ: Դա ենթադրում է, որ կառավարությունը պետք է անի առավելագույնը, որպեսզի ապահովի այդ ցուցանիշը»,- ասաց Դավիթ Սարգսյանը: