Նոր շրջափակում Հայաստանի համար

 

Ռուսաստանի առաջին ալիքի մեկնաբան Իռադա Զեյնալովան կիրակնօրյա վերլուծական «Վրեմյայի» եթերում հայտարարել է, որ «կլուբում»՝ Մաքսային միությունում անսպասելի շրջադարձ է արձանագրել Թուրքիայի ցանկությունը՝ անդամակցել միությանը, եւ այդ իսկ պատճառով Հայաստանին Մինսկի Վեհաժողովում ասել են, որ Երեւանի անդամակցության ցանկությունը ցանկություն էլ կմնա, քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի հետ:

 

Իռադա Զեյնալովան փաստացի հաստատել է ընդամենը այն, ինչ հայտարարել էր Մինսկից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ասել էր, որ Հայաստանի անդամակցության հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը, քանի որ կա Ղարաբաղի հարց: Թե պաշտոնական Երեւանը, թե նաեւ Ռուսաստանն այդ հայտարարությանն առարկություն չեն ներկայացրել:

 

Այն, որ Մինսկում ստորագրվել են Հայաստանի անդամակցությունն արագացնելու փաստաթղթեր, դա դեռ ոչինչ չի նշանակում: Հայաստանի հետ ՄՄ փաստաթղթերն ընդամենը այն բանի համար են, որ հարկ եղած դեպքում օգտագործվեն Հայաստանի դեմ:

 

Իսկ անդամության առումով, Հայաստանին ՄՄ-ում իսկապես չեն սպասում: Եվ չեն սպասում տարբեր պատճառներով: Նախ որովհետեւ ՄՄ երկրները միմյանց հետ ունեն շատ լուրջ հակասություններ, եւ Հայաստանի անդամության գործընթացը նրանց համար գործիք է միմյանց հետ այդ հարաբերություններում մանեւրելու համար: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի ՄՄ անդամ դառնալու դեպքում ստիպված է լինելու պարզապես նվազագույն սոցիալական պատասխանատվություն ստանձնել Հայաստանի համար, որպեսզի այն բեռ չդառնա ընդհանուր ՄՄ-ի համար: Իսկ Ռուսաստանը Հայաստանին չի ցանկանում կովկասյան «անկյունում» գոյատեւելու համար անհրաժեշտ փողից ավելին տալ:

 

Ռուսաստանին ընդամենը հարկավոր էր կանխել Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը, որպեսզի հանկարծ Եվրոպան գոյատեւելու համար անհրաժեշտից ավելի փող Հայաստանին չտա եւ չստեղծի ներքին փոփոխությունների տնտեսական կարեւոր նախադրյալներ:

 

Բացի այդ, արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի «կարծիքի» գաղափարը, իսկ պաշտոնական Բաքուն դա երբեք բաց չի թողնի Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Այս իմաստով, Հայաստանը Մաքսային միության անդամ չէ, որ դառնում է, այլ դարձել է արդեն ՄՄ պատանդ, ինչի վկայությունն էլ Երեւանի ստանձնած պարտավորությունն է՝ չասել ոչինչ, ինչը կհակասի ՄՄ շահերին:
Փոխարենը, ՄՄ երկրները կարող են ասել ամեն ինչ: Եվ հենց այդ շրջանակում է իհարկե այն, թե իբր Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն է հայտնել նաեւ Թուրքիան:

 

Սա իհարկե մեծագույն բլեֆ է, որն ի դեպ ամենեւին նոր չէ: Այսինքն, Թուրքիայի թեման ՄՄ շրջանակում բացվել է ամենեւին էլ ոչ Մինսկի Վեհաժողովում, եւ բացողն ամենեւին էլ Ղազախստանը չէ:
Թուրքիայի անդամակցության թեման բացել է Ռուսաստանը՝ 2012 թվականի դեկտեմբերին, երբ Պուտինը մեջքի ցավով այցելել էր Թուրքիա եւ այնտեղ դժվարությամբ էր նստում-վեր կենում: Պուտինի այցից անմիջապես հետո նրա մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ եթե Թուրքիան ցանկություն հայտնի միանալ Մաքսային միությանը, ապա Ռուսաստանը կողջունի դա:

 

Մինչ այդ, ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցություններում այդ մասին ոչ մի հարց չէր եղել եւ առնվազն տարօրինակ էր, որ այցից հետո Ռուսաստանը խոսում էր այդպիսի հավանական ցանկության մասին:
Այնպես որ, թուրքական թեման Մաքսային միության շրջանակում նոր չէ: Պարզապես, այն գտնվում էր պահեստում եւ հիմա հարկ եղավ հանել այնտեղից, ՄՄ այսպես ասած հիմնական անդամների միջեւ եղած տարաձայնությունների խնդիրը քողարկելու համար: Միայն Բելառուսի եւ Ռուսաստանի հակասությունները այնքան են, որ բավական է Մաքսային միության ծիծաղելի դրության համար:

 

Եվ այս իրավիճակում բնականաբար հարկավոր է մի ազդեցիկ գործոն, որը փոքր ինչ կծածկի այս ծիծաղելի վիճակը՝ երբ երեք երկրներ ունեն 30 երկրներին բնորոշ հակասություններ: Իսկ այդպիսի գործոն կարող էր լինել Թուրքիայի հարցը: Դրա համար էլ այն հանեցին պահեստից: Առավել եւս, որ նոյեմբերին Մոսկվայում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը եւ խոսելու բան կունենան այդ թեմայով, իսկ Լուկաշենկոն եւ Նազարբաեւն էլ երեւի այդ հանդիպումից լսելու ինչ որ բան կունենան:

 

Բոլոր դեպքերում, թուրքական այս թեման փաստացի նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տնտեսական շրջափակմանը Հայաստանի համար գումարվում է նաեւ թուրք-մաքսային քաղաքական շրջափակումը:

 

 

 




ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ