Փաստաբաններ Հովիկ Արսենյանը, Գևորգ Գյոզալյանը և Տիգրան Աթանեսյանը Tert.am- ի հետ զրույցում միաբերան հայտարարում են, որ Հայաստանում կալանքի այլընտրանքային միջոցները գրեթե չեն կիրառվում:

 

Ըստ Հովիկ Արսենյանի օրինակ՝ Հայաստանում մարզային դատարաններ կան, որոնք մինչև 100 տոկոսով բավարարում են նախաքննական մարմնի քննիչի միջնորդությունները:

 

Փաստաբան Հովիկ Արսենյանը ներկայացրեց անձի կալանավորման հայաստանյան մեխանիզմը՝ «սցենարը» ասելով.«Տարիներ շարունակ, այսօրվա դրությամբ էլ դա շարունակվում է, որ դատարանները, առանց հաշվի առնելով անձի կատարած հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները, ծանրության աստիճանը, կիրառում են կալանքը: Որպես կանոն նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացնում անձի կալանավորման վերաբերյալ, նույնիսկ մարզային դատարաններ կան, որ 100 տոկոսով են բավարարում»:

 

Ըստ Հովիկ Արսենյանի՝ անզգույշ հանցագործությունների կատարման դեպքում, կալանավորման խափանման միջոցը պետք է փոխարինվի կալանքի այլընտրանքային միջոցներով՝ երաշխավորագրերով, ստորագրությամբ քաղաքից չհեռանալու մասին, դրամական գրավով:

 

«Տասը միլիոնի գրա՛վ կիրառեք, բայց ոչ երբեք ազատազրկումը, եթե այդ հնարավորությունը կա: Ինչո՞ւ ոչ, կարելի է դա անել նաև դիտավորյալ հանցագործությունների, առհասարակ, մինչև տասը տարի պատժաժամկետ նախատեսող հանցագործությունների դեպքում: Դեռ մի բան էլ դատարանները պետք է առաջարկեն, որ սահմանում են այսքան չափով գրավ, եթե կկարողանաք դա վճարել, կարող եք նաև ազատվել (խոսքը նախաքննության և դատաքննության փուլերի մասին է, որից հետ կամ անձը կարդարացվի կամ կդատապարտվի – խմբ.)»,– ասաց փաստաբանը:

 

Ի պատասխան հարցի թե հայաստանյան պայմաններում արդյոք դա չի՞ հանգեցնի, մեղմ ասած, շուկայական հարաբերությունների, Հովիկ Արսենյանն ընդգծեց, որ այստեղ հայաստանյան իրողությունը ոչ մի կապ չունի և ողջ Եվրոպայի քրեական դատավարությունն այդ սկզբունքով է գործում։ Ավելին՝ փաստաբանն ասաց, որ այդ ֆինանսական գրավի տասը տոկոսները մտնում են պետական բյուջե, ապա ավելացրեց, որ գումարներ չլինելու դեպքում կարելի է դիմել կալանքը փոխարինող մյուս միջոցներին:

 

«Դատարանը կարող է նաև մերժել, այստեղ «գրավ» հասկացությունը ես որպես միակ միջոց ասացի»,- ընդգծեց փաստաբանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համամիտ չէ այս հարցում, անգամ նշեց, որ նման գրավները ժամանակին դարձել են ամերիկյան հեղափոխության պատճառ:

 

«Անգլոսաքսոնական իրավունքում, նաև ԱՄՆ-ում նշանակում էին շատ բարձր գրավ: Անգամ գոյություն ուներ բանկ, ավելի ճիշտ՝ վարկային կազմակերպություն, որը վճարում էր ու դա շատ հարմար էր նաև նրանով, որ եթե կալանավորը փախուստի էր դիմում, հենց բանկը նրան շատ արագ գտնում էր: Դառնալով Հայաստանին կարող եմ ասել, որ մեզ դա մոտ հասնում է 500 հազար դրամի, և կան բազմաթիվ դեպքեր, երբ նշանակում են այդքան, և մարդը չունի այդ գումարը: Հիմա, պատկերացնո՞ւմ եք այսօրվա Հայաստանի իրավիճակում ինչ կկատարվի, ով կունենա՝ կվճարի, ով չէ՝ կմնա»,– ասաց նա։

 

Ինչ վերաբերում է կալանքը կիրառելու համատարած լինել-չլինելուն, ապա Տիգրան Աթանեսյանն ասաց.«Այն, ինչպես մեզ մոտ է կիրառվում, դա պարզապես պարսկա-թուրքական տիրապետությունից մնացած մտածողություն է, որովհետև եթե խափանման միջոց է ընտրվում կալանքը, ուրեմն մտածում են՝ պատժելու են, եթե չկալանավորեցին, ուրեմն չեն պատժելու: Եվ այս ընկալումների շրջանակում է գործում նաև իրավապահ համակարգը»:

 

Տիգրան Աթանեսյանը նաև հիշեցրեց, որ կալանքն ընդամենը միջոց է՝ ապահովելու մարդու դատարան ներկայանալու երաշխիքը:

 

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, խոսելով, կալանքի՝ Հայաստանում կիրառելիության տարածվածության մասին, նշեց, որ դա շատ լավ արտացոլված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներում: Փաստաբանը, մասնավորապես, նշեց «Սեֆիլյանն ընդդեմ ՀՀ-ի» գործը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ)։ Սույն գործով Եվրադատարանի վճռով ամրագրվել է, որ Հայաստանի դատարանները կալանքը կիրառում են in abstacto' վերացականորեն, ինչին համաձայն է նաև Գևորգ Գյոզալյանը:

 

Այսինքն՝ խափանման միջոցը կալանք ընտրելու համար հղում է տրվում օրենքին, սակայն փաստերը բացակայում են: Ըստ փաստաբանի՝ յուրաքանչյուր պարագայում քննիչը պետք է ապացուցի դատարանում: «Բայց ՀՀ դատական համակարգի չգոյության պայմաններում քննիչը միշտ կալանքի միջնորդություն է ներկայացնում դատարան, որն էլ միշտ բավարարում է, ու այստեղ ես խնդիրը դատարանի մեջ եմ տեսնում, որովհետև, լավ, քննիչն ինչ արել, չի արել ... բայց, ի վերջո, վերջնական որոշում կայացնում է դատարանը»,– ասաց Գևորգ Գյոզալյանը, ով խայտառակություն է որակում խափանման միջոցի մասին ՄԻԵԴ–ի այս արձանագրումները:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է, այն գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և դատարանի խնդիրն է՝ երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից: Հետևաբար, Ստրասբուրգի դատարանի որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն. խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

 

Նշենք, որ Հայաստանում 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիման վրա ընթանում են իրավական և դատական բարեփոխումներ, և որպես համակարգային քայլեր նախատեսված են մշակված Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որի գաղափարախոսությունը պետք է լինի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու բացառիկության ապահովումը: Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է ավելի մեղմ միջոցներ կիրառել, կալանքը չպետք է նշանակվի: