«... Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված... Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն... Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր...

 

Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն... մրցանակներ շահես ազգիդ համար...
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ...»։

 

Սոս Սարգսյանը' Ֆրունզիկ Մկրտչյանի մասին