Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հիվանդի որդու կողմից ծեծի ենթարկված «Շտապօգնության» բժիշկը՝ Գագիկ Ներսիսյանը, դուրս է գրվել Հանրապետական հիվանդանոցից, բուժումը կշարունակի տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

 

Նա այցելել էր իրենց բժշկին, եւ նշեց, որ վիճակը համեմատաբար լավ է, դեմքի շրջանում երկու կար է դրվել, նրա մոտ առկա է ուղեղի ցնցում եւ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի տրավմայից հետո ապաքինվի:

 

Նույն օրը մեկ այլ հասցեում՝ Սասունցի Դավիթ նրբանցքի 35 տանը բռնության ենթարկված մյուս բժշկի մոտ առկա է վախ եւ սթրեսային վիճակ: Թագուհի Ստեփանյանը անդրադարձավ այդ հիվանդի հարազատների մեղադրանքներին, թե «Շտապօգնությունը» ժամանել է 45 րոպե հետո, հեռախոսազանգերին չեն պատասխանել, րոպեներ շարունակ հարցեր են տվել եւ այլն:

 

Թագուհի Ստեփանյանը հանել է այդ կանչի հետ կապված բոլոր ձայնագրությունները եւ տեսագրությունները եւ պատրաստ է դրանք հրապարակել, որպեսզի ցույց տա, որ «Շտապօգնության» աշխատակիցների կողմից սխալ չի եղել: Տնօրենը նշեց, որ կանչը գրանցվել է 00.52-ին, իսկ 01.17 արդեն մեքենան սպասարկած է եղել հիվանդին եւ վերադարձած ենթակայան, այսինքն՝ կանչն ամբողջությամբ տեւել է 25 րոպե: Կանչը ստանալուն պես, Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ, մեքենան ուշ է մեկնել, քանի որ քաղաքում մեքենա չկար եւ այն մեկնել է Նուբարաշենի ենթակայանից:

 

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այդ օրը՝ 00.48-ին, այդ հասցեից իրենք կանչ են ստացել մի տղամարդուց, որը սկսել է հայհոյել, չի կարողացել ձեւակերպել իր անունը, ազգանունը, հասցեն եւ անջատել է հեռախոսը: 4 րոպե անց նրա հարեւանուհին է կանչ տվել եւ մեքենան մեկնել է:

 

Թագուհի Ստեփանյանը նաեւ շեշտեց, որ կանչը ստացող ընդամենը հարցրել է հիվանդի անուն, ազգանունը եւ հասցեն, որը տեւել է վայրկյաններ: Նրանք պատրաստ են անգամ հրապարակել ձայնագրությունները:

 

Մանրամասներն` այստեղ: