Երևանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ: Նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության առաջիկա' նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում, փոխանցում է «Փաստինֆոն»։

 


Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության և պետության կարիքների համար» ձևակերպմամբ:

 

Կառավարությունը գտնում է, որ «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»:

 

Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը' տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»: Նախագծից պարզ է դառնում նաև, որ կառուցապատման ծրագրերով uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ և, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:

 

Ի դեպ, նշենք որ օտարվեղ նոր տարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվելու են «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը, որն արդեն իսկ հայտնի է մայրաքաղաքում նմանատիպ ծրագրերի իրականացմամբ: Բավական է հիշել դեռևս 2008թ-ին կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Պուշկինի 2 հասցեի հիներևանյան շենքը, կամ Պուշկին 38 հասցեում բնակելի շենքերով շրջապատված բակը, որտեղ այս ընկերությունը 2009թ-ին նոր շենք կառուցելու թույլտվություն ստացավ: Իսկ վերջին այսօրինակ նվերը «Լոկալ Դիվելոփըրզ»-ին կառավարությունն արել էր այս տարվա օգոստոսին' Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելով, և դրանք ևս կառուցապատման իրավունքով, հանձնելով նույն ընկերությանը:

 

Եվ ահա, այս ծրագրերը դեռ չիրականացրած, կառավարությունը նույն ընկերությանը հիմա էլ նոր տարածք է տրամադրում:

 

Հիշեցնենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը' պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:

 

Նշենք, որ կառուցապատման և դրա արդյունքում նոր գերակա շահ հռչակելու վերաբերյալ այս նոր նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետը: Իսկ նախատեսվող պայմանագիրը Ս.Մայրապետյանի հետ ստորագրելու է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Օտարման գործընթացը նախատեսվում է սկսել արդեն 2014թ-ի հունվարից: