Երևանն արտաքին քաղաքականության բոլոր խնդիրներով մտել է փակուղի և ինչ-որ քայլեր պետք է նախաձեռնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ով ՀՀ արտաքին հարաբերությունների կարևորագույն խնդիրներից մեկը համարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

 

«Եվ եթե որևէ կերպ այդ ուղղությամբ քայլ արվի, ես միայն կողջունեմ»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

 

Ի պատասխան դիտարկման, թե դա «չմարսված թեմա» էր. ԵՄ-ՄՄ այս թոհուբոհից հետո Երևանը կկարողանա՞, կցանկանա՞ գնալ դրան, այն դեպքում, երբ չորս տարի առաջ ՀՀ իշխանությունները, ի վերջո՝ տեղի տալով Սփյուռքի ու Հայաստանի ներսում ճնշումներին, կասեցրին գործընթացը, Բագրատ Ասատրյանը նկատեց.«Եթե հարցնում եք՝ ի վիճակի՞ են լուծումներ տալ գլոբալ խնդիրներին, ապա միանշանակ կարծում եմ, որ ո´չ, բայց մյուս կողմից էլ՝ խնդիրները քնացնելն ամենավատ բանն է: Ու եթե լուծում չես տալիս, գալիք սերունդների համար ինչ-որ մի ուղղություն գոնե պետք է նախանշես»:

 

Թեև Բագրատ Ասատրյանը նշում է, որ թուրքերն, իսկապես, քայլ են անում, որ միջազգային հանրության կողմից հօգուտ իրենց արձագանք լինի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախօրեին, սակայն չի կարծում, որ Հայաստանը պետք է մտածի, թե հիմա ինչ-որ նախաձեռնողականություն դրսևորելով՝ օգտագործվում է կամ՝ օգնում է Թուրքիային՝ հասնել իր նպատակին:

 

«Կա չլուծված խնդիր, և որևէ իրավիճակում դրան մոտենալը դրական եմ համարում: Երկրորդ՝ դու Թուրքիայի´ն չես օգնում, դու ինքդ քե´զ օգնիր՝ այս խնդիրները կարգավորելու առումով: Կրկնում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններն ապագայի, ներկայի տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն»,-ասաց նա:

 

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ մեզ համար լավագույն տարբերակը կլիներ՝ օգտագործել «միջազգային ֆոնը»՝ նաև՝ հաշվի առնելով, որ Հայաստանը միջազգային ասպարեզում էապես թուլացած է «այս իշխանությունների գործունեության արդյունքում»՝ որպես մի հնարավորություն, որը թույլ կտա, որ Հայաստանի ձայնը մի քիչ ավելի հնչեղ լինի:

 

Արդյո՞ք հենց հիմա կարելի է գնալ նման նախաձեռնողականության՝ հենց առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ հաշվի առնելով այն, որ դա հենց հիմա շատ պետք է Թուրքիային, իսկ մեկ-երկու տարի անց կարող է կրկին պետք չլինել: Արդյունքում՝ էլի Հայաստանը կօգտագործվի, ու կրկին կմնան չկարգավորված հարաբերություններ: Այս դիտարկմանը Բագրատ Ասատրյանը պատասխանեց.
«Այո´, այդ մտավախությունն ունեմ, բայց հուսով եմ՝ մինչև այդ իշխանափոխություն կլինի, ավելի խելոք մարդիկ կգան և կտան անհրաժեշտ լուծումները»: