ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմամբ 789 մլն դրամ է հատկացվել՝ 24 պետական մարմինների համար ընդհանուր առմամբ 69 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այդ գումարը համարժեք է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։

 

Հայկական ժամանակ թերթը գրում է, որ նշված գումարով, նույնիսկ կոպիտ հաշվարկներով կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի՝ երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար։ Ձեռք բերվող մեքենաներն էլ հիմնականում «Տոյոտա» մակնիշի են։

 

Այս գումարի մի մասը հատկացվելու է Ազգային ժողովին: Հրապարակ թերթն այս կապակցությամբ գրել է. «Տարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման՝ 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել Աժ նախագահի երկու տեղակալների և տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները»։

 

Հայտնի է, որ արդեն քանի տարի Հայաստանում աշխատավարձ ու թոշակ է վճարվում Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային միջազգային հիմնադրամի հատկացրած վարկերից: Իսկ բյուջեն «սրբություն» է, որը գնալով դատարկվում է, եւ հազիվ հերիքում է իշխանության կարիքները հոգալուն: Բյուջեից ոչ մի լումա չպետք է գնա ժողովրդին: Հարկային տեսուչները «պլան կատարելու» համար գործարարներից կանխավճարներ են խնդրում-պահանջում, որպեսզի հասցնեն իշխանության կարիքները:

 

Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է պարգեւատրել Հայաստանի ինքնիշխանությունը բարեհաջող հանձնելու համար: Այս առումով, ձեռք բերվելիք մեքենաների քանակը խիստ խորհրդանշական է՝ 69: Ըստ ամենայնի, իշխանության գործունեության հետ կապված հետագա թվերն ու փաստերը իրենց մեջ նման խորհուրդներ են պարունակելու: