2013թ-ին նոր փաստեր ի հայտ եկան Ադրբեջանում ավելացող իսլամական ծայրահեղական տրամադրությունների, «Արաբական գարնան» համատեքստում տեղի ունեցող այս կամ այն իրադարձություններում ծագումով ադրբեջանցի իսլամականների ակտիվության, վերջիններիս մասնակցությամբ իրականացվող ահաբեկչական բռնարարքների և այլնի վերաբերյալ: Այս թեմայով Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իսլամագետ Սարգիս Գրիգորյանի հետ:


Որքանո՞վ է այսօր արդիական Ադրբեջանում իսլամական ծայրահեղականության հիմնախնդիրը

 


Ալիևյան վարչախմբը ամեն գնով փորձում է Ադրբեջանը ներկայացնել որպես աշխարհիկ պետության, հասարակարգի և կրոնական հանդուրժողականության կրողը հանդիսացող մի երկիր, այնուամենայնիվ էթնո-դավանական հակասություններն ու, այս կոնտեքստում, իսլամական ծայրահեղականությունը բավական արդիական են Ադրբեջանում, և այդ մասին խոսուն փաստեր կան, սկսած երկրում ակտիվ ծայրահեղ իսլամականներից ու խմբավորումներից, մինչև այլ տարածաշրջաններում իրենց դրսևորած ադրբեջանցի մահապարտներ ու ջիհադ իրականացնող ադրբեջանցիներից բաղկացած իսլամական խմբավորումներ:

 

Ինչո՞վ է պայմանավորված ծագումով ադրբեջանցի իսլամականների նման ակտիվությունը

 


Ներկայիս ադրբեջանական իշխանությունների նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտը, Ադրբեջանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրոնական և այլ չլուծված հիմնախնդիրները լուրջ դժգոհությունների պատճառ են դարձել հասարակության տարբեր շերտերում: Նման իրավիճակում իսլամական արմատական գաղափարները բավական լայն արձագանք են գտնում, հատկապես առավել խոցելի կարգավիճակում հայտնված երիտասարդության շրջանում, որի որոշ հատվածը, լինելով գործազուրկ ու սոցիալապես անապահով վիճակում, շատ արագ տոգորվում է իսլամական արմատական գաղափարներով: Սրանց ավելանում են նաև տարածաշրջանային և այլ գլոբալ զարգացումները, որոնց փորձում են մաս կազմել ադրբեջանցի իսլամականները: Ադրբեջանից դուրս եկող իսլամական ծայրահեղական ներհոսքը կանխելու, համապատասխան միջոցներ ձեռք առնելու և իսլամականներին մեկուսացնելու առումով ադրբեջանական իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում, ընդհակառակը' այդ իսլամական շերտերը շատ արագ և հեշտ մանիպուլյացիաների են ենթարկվում, որոնց մեջ իրենց չափաբաժինն ունեն հենց ադրբեջանական իշխանությունները' փորձելով ուղղել այդ իսլամական ծայրահեղական ներուժն այլ տարածաշրջաններ. պատահական չեն օրինակ իրենց զենք-զինամթերքով իսլամական արմատական խմբավորումների Ադրբեջանից Ռուսաստան սահմանային անարգել հատումները, որոնք իրենց արմատական գաղափարներով ու գործողություններով ապակայունացնում են Ռուսաստանի մուսուլմաններով բնակեցված հարավային տարածքներն ու այլ շրջանները:

 

Ուղղորդվու՞մ են արդյոք ադրբեջանցի իսլամականների գործողությունները տարածաշրջանային, կամ այլ ուժերի կողմից

 


Նման միտումները վերջին շրջանում նկատելի են ընդհանրապես իսլամականների գործողություններում, վերջիններս վերածվում են գործիքի, որն օգտագործում են այս կամ այն ուժերը տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում անկայունության մթնոլորտ ստեղծելու համար: Նույնը նկատվում է նաև ադրբեջանցի իսլամականների մոտ ինչպես երկրի ներսում, այնպես էլ' Ադրբեջանից դուրս: Ադրբեջանցի իսլամական ծայրահեղականների գործողությունների որոշակի ուղղորդում է նկատվում տարածաշրջանային այլ ուժերի, հատկապես Թուրքիայի կողմից: Դա երևում է հատկապես սիրիական հակամարտությունում, որտեղ Սիրիայի ներկայիս իշխանությունների դեմ պայքարում ներգրավված են նաև մեծ թվով ադրբեջանցի իսլամականներ: Իսկ հաշվի առնելով, որ վերջիններիս զգալի հատվածը կենտրոնացած է թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններում և իսլամական ծայրահեղական խմբավորումների կազմում պայքար է մղում հավասարապես սիրիական կառավարական ուժերի և քրդական զտորաբաժանումների դեմ, ապա ակնհայտ է դառնում, որ ադրբեջանցի իսլամականների գործողություններում որոշակի ուղղորդում կա նաև թուրքական որոշ շրջանակների կողմից:

 

Ինչու՞ են ադրբեջանական իշխանություններն աչք փակում նման երևույթների վրա

 


Խնդիրը կայանում է նրանում, որ, զբաղվելով հիմնականում իսլամական ծայրահեղականության հիմնախնդրին առնչվող եզակի դեպքերի քննությամբ ու բացահայտմամբ, դրանք աղավաղված ձևով ներկայացնելով ալիևյան վարչախմբի շահերը սպասարկող ԶԼՄ-ների միջոցով, ադրբեջանական իշխանությունները անտեսում են այդ հիմնախնդրի գլոբալ բնույթը: Հավանաբար դիտմամբ ետին պլան է մղվում ծայրահեղ իսլամականներին առնչվող հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրներ' ցույց տալով, որ նման երևույթները հարիր չեն ադրբեջանական «աշխարհիկ» հասարակական-քաղաքական առօրյային' ստեղծելով իմիտացիա, որ նման սպառնալիք չկա, կամ զգալի չէ: Սակայն իրողությունն ու պատկերն այլ է հատկապես իշխանություններին ընդդիմադիր ադրբեջանական իսլամական համացանցային սակավաթիվ ռեսուրսներում, որտեղ քննարկվող հարցերի շրջանակն ու բարձրացվող հիմնախնդիրները տալիս են ադրբեջանական ծայրահեղ իսլամական առկա տրամադրությունների ու իսլամական ներուժի իրական պատկերը' այն է' Ադրբեջանում կան ակտիվ ծայրահեղ իսլամականներ, որոնք ունեն զգալի զինամթերք, ընդունակ են բացահայտ առճակատման գնալ ադրբեջանական իշխանությունների ու իրավապահ մարմինների հետ, նրանց շարքերը համալրվում են ջիհադական պայքարի այլ տարածաշրջաններից ետ վերադարձող իսլամականներով, որոնք իրենց հետ բերում են մարտական փորձ, որի կիրառման ականատեսը կլինենք ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: