ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու' մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:

 

Այնուհետև Ք. Բ.-ն, Վ. Ղ.-ն, ինչպես նաև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը գնացել են դեպքի վայր, անձամբ տեսել պատուհանի և տան 2-րդ հարկի ննջարանի պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից Մ. Ս.-ն հանել և ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրազենային գնդակը, որը վերցնելով' առանց կատարված հանցագործության մասին Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու կամ որևէ այլ փաստաթուղթ կազմելու վերադարձել են ոստիկանության բաժին և բաժնի պետին զեկուցել իրենց պարզած հանգամանքները:

 

Բաժնի պետը, վերցնելով և իր մոտ պահելով հրազենային գնդակը, դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել' Մ. Ս.-ից հաղորդում չընդունել:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: