2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում դիտվել է մառախուղ, ջինջառ և մերկասառույց:

 

Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին' Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը' -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային առանձին շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, հատկապես ցերեկը, 15-200C-ով ավելի բարձր էր, քան Արարատյան դաշտում: Վերջապես հունվարի 27-ին Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվեց ցիկլոն, որը հունվարի 1-ի գիշերն Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում պայմանավորեց ջերմաստիճանի կտրուկ բարձրացում 7-90C-ով: Հունվարի 3-ից, երբ ցիկլոնային դաշտն իր տեղը զիջեց անտիցիկլոնին, դիտվեց մառախուղի ուժգնացում և ջերմաստիճանի որոշակի նվազում:

 

Հերթական էական փոփոխությունը դիտվեց հունվարի 14-ի գիշերը, երբ Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք ներթափանցեց ցիկլոնային դաշտ, դիտվեց ձյուն, քամիների ուժգնացում և օդի տուրբուլենտականության զգալի մեծացում' ցրելով մառախուղը:

 

Օգտվելով առիթից փորձենք ներկայացնել ինչ է եղանակը և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում Արարատյան դաշտում և Երևան քաղաքում դիտված եղանակային պայմանները:

 

Եղանակը ձևավորվում է մթնոլորտի գլոբալ շրջանառության արդյունքում, հորիզոնական ուղղությամբ ընդգրկելով հազարավոր կիլոմետրեր, ուղղահայաց տարածվելով մինչև 15-20 կմ բարձրություն: Եղանակի ձևավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային և ցամաքային մակերևույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը:

 

Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 00C-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երևան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տևողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երևանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տևում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ:

 

Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.50C ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների և Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում 1.50C-ով, համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ և տաք ձմեռները (շեղումը' 1.50C-ից մինչև 4.60C) կազմել են համապատասխանաբար' 25 և 29 տոկոս, շատ ցուրտ և շատ տաք ձմեռները (շեղումը' 4.70C և ավելի)' միջինում 7 տոկոս: Ձմռանը Երևանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ' բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված' քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, և այդ տարբերությունը հասնում է 5-70C:

 

 

Ձյան ծածկը Երևանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին և վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել է 58 սմ:

 

Ձմեռների ցուրտ լինելու աստիճանը զգալիորեն պայմանավորված է ձնածածկույթի առկայությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ ձմռան սկզբին կամ դրա առաջին կեսում դիտվում է զգալի ձնածածկ, այն բավական հաճախ բերում է մնացած ամբողջ ժամանակահատվածում ցուրտ եղանակի: Ձնածածկույթը նաև պայմաններ է ստեղծում Հայկական լեռնաշխարհի տարածքում լոկալ անտիցիկլոնի առաջացման համար, որը միջլեռնային գոտիներում առաջացնում է ցուրտ օդի լճացում և մառախուղ:

 

Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է' գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում' առաջանում է ջրային գոլորշու խտացում և ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում' 15-20 օր, հազվադեպ' ավելի երկար:

 

Ինվերսիայի ձևավորման առաջին երկու օրերին մառախուղը հիմնականում ընդգրկում է Արարատյան դաշտի ամենացածրադիր' 850-900 մ բարձրությունները: Այնուհետև' ջերմային հաշվեկշռի բացասական լինելու պատճառով օր օրի ջերմաստիճանը նվազում է 1-20C, և ինվերսիայի ստորին սահմանը սկսում է բարձրանալ, որն ուղեկցվում է մառախուղի ստորին սահմանի բարձրացմամբ: Ինվերսիայի ձևավորման 4-5-րդ օրը մառախուղի ստորին սահմանը տարածվում է մինչև 1300-1500 մ բարձրությունները, Արարատյան դաշտի ցածրադիր հատվածների համար դառնալով արդեն բարձրացած մառախուղ: 850-1500 մ բարձրությունների վրա դիտվում է հոմոթերմիա (անփոփոխ ջերմաստիճան), իսկ 1500 մետրից բարձր' ջերմաստիճանի աճ: Նման պայմաններում առաջանում է ջինջառ և մերկասառույց, որի տրամագիծը հաճախ հասնում է 3-4 սմ: Ինվերսիան և մառախուղը պահպանվում են այնքան ժամանակ, մինչև հանրապետության տարածքով անցնում են զարգացած ճակատային կտրվածքներ, որոնք ուղեկցվում են քամիներով և տեղումներով:

 

Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած' զառացանք է: Հրավառությունը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական և 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին' այն միայն բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ: