Քննարկման ընթացքում ճշգրտվել են թե' կազմակերպչական հարցեր, թե' նաև' ովքեր են ելույթ ունենալու: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը' խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին:

 

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը և «Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ, որի նպատակն էր քննարկել վաղվա հանրահավաքի կազմակերպչական և բովանդակային բաղադրիչները:

 

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ, հանրահավաքին մասնակցելու առումով, քաղաքական ուժերը որևէ հատուկ հրահանգ չեն հնչեցրել իրենց համակիրներին: Հնչեցվել է կոչ' մասնակցել հանրահավաքին' անկախ կուսակցական պատկանելությունից:

 

Պատգամավորի խոսքով' հանրահավաքից ակնկալիքները մեծ են' թե' մարդաշատության, թե' ազդեցիկության առումով: «Հաշվի առնելով վերջին ժամանակներում հասարակության դժգոհության տարբեր պատճառները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ հանրության լայն համախմբվածությունը, սպասում եմ, որ այն մարդաշատ կլինի»,- ասաց պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է հարցին' քաղաքապետարանի կողմից արտոնագրվա՞ծ է հանրահավաքը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այս հանրահավաքը հրատապ հանրահավաքների շարքից է, որովհետև, երբ որոշվել էր, որ պետք է հանրահավաք անցկացվի, օրենքով նախատեսված 7-օրյա ժամկետից ավելի կարճ ժամանակ են ունեցել, ահա, թե ինչու շտապ հանրահավաքի շրջանակներում է տեղեկացվել, ինչը համարվում է օրենքով նախատեսված կարգով պատշաճ տեղեկացում:

 

«Կարծում եմ, որ, հանրահավաքի արտոնագրված լինելու հետ կապված, խնդիրներ չեն լինի, և ոստիկանությունը տեղեկացված է ամբողջությամբ: Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա տեխնիկական մի շարք հարցեր կարող են առաջանալ: Նախաձեռնող խումբն աշխատում է նաև այդ ուղղությամբ, որպեսզի տեխնիկական դժվարություններ չառաջանան»,- ասաց Մինասյանը:

 

Հարցին' կարո՞ղ է այդ հանրահավաքը դառնալ քաղաքական ու սոցիալական գործոն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ: Դա ոչ միայն գործոն է, այլեւ ազդակ' ուղղված թե' իշխանություններին, թե' հանրությանը, որ միայն պայքարի միջոցով է հնարավոր արձանագրել առաջընթաց: Հակառակ դեպքում, տանը նստելով, պատերի տակ դժգոհելով, աշխատասենյակներում քննադատելով իշխանությանը, հարցի լուծում չի ապահովվելու»,- ասաց պատգամավորը' հավելելով, որ 4 քաղաքական ուժերը վաղը լինելու են Ազատության հրապարակում' սպասարկելով քաղաքացիական հասարակության պահանջը, այն է' կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: