Ուկրաինայի նախկին, ազատազրկված վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմությանը կոչ է արել համաձայնության չգալ իշխանության հետ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

«Յանուկովիչը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր սպանված մարդու համար, անհրաժեշտություն է և արժանի պատիժ, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության»,-հայտնել է Տիմոշենկոն:

 

Տիմոշենկոյի խոսքով՝ դիկտատուրան հենց այժմ և ընդմիշտ վերացնելու համար անհրաժեշտ է ձևավորել պատվիրակություն, որը կհամոզի Եվրոպայի ղեկավարներին «իրավական ուղի գտնել» Հաագայի միջազգային քրեական դատարանում Յանուկովիչի դեմ դատավարություն սկսելու համար: Տիմոշենկոն նաև անհրաժեշտ է համարում Յանուկովիչի ընտանիքի դեմ անհատական պատժամիջոցների սահմանումը, չնայած այն բանին, որ դրանք, ցավոք, արդեն փոքր-ինչ ուշացել են և կարող են չկանգնեցնել ընդգրկուն ահաբեկչությունն Ուկրաինայում:

 

Տիմոշենկոն կոչ է արել ուկրաինական մտավորականությանն ու առաջնորդներին գործել ու եվրոպացի առաջնորդներին համոզել Հաագայի դատարանում դատավարություն սկսել Յանուկովիչի դեմ և այդ կերպ պայքարել ահաբեկության դեմ: