Ազգային ժողովում ձևավորվելիք գազի հանձնաժողովի աշխատանքները պետք է անցնեն դռնփակ, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի քննարկել այն հարցերը, ինչի համար ստեղծվում է հանձնաժողովը: Ազգային ժողովում գազի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը: «Ես ինքս լրագրող եմ եղել և մի քանի անգամ մասնակցել եմ ժամանակավոր հանձնաժողո վների աշխատանքներին, նույնիսկ ավելի ակտիվ, քան հանձնաժողովի որոշ մասնակիցներ, և կարող եմ ասել, որ նման հանձնաժողովների բաց աշխատանքն արդունավետ լինել չի կարող»,- նշեց նա:

 

ՀՀԿ պատգամավորն ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ գրեթե բոլոր պատգամավորները լրագրողների ներկայության առիթը բաց չեն թողել իրենց մտքերն արտահայտելու համար, ինչի հետևանքով հանձնաժողովը շեղվել է բուն հարցի քննարկումից: «Եթե մենք իսկապես ցանկանում ենք ստանալ գազի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, ապա հանձնաժողովի նիստերը պետք է դռնփակ անցկացվեն, քանի որ, հակառակ դեպքում, պատգամավորները առիթը բաց չեն թողնում տեսախցիկների առաջ ինչ-որ այլ հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու համար».- ասաց Եսայանը:

 

Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանում գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է իշխանական կոալիցիան: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: Խմբակցություններն առաջիկայում պետք է քննարկեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն առաջարկի վերաբերյալ:

 

Նախորդ քառօրյայի ընթացքում «Հանրապետական» մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել Ռուսաստանի հանդեպ գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և մանրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց բարձրացրած հարցերին: