Կառավարության այսօրվա նիստում' մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ասաց, որպեսզի վերջինս պարզաբանում ներկայացնի Արարատյան դաշտում ջրի խնդրի հետ կապված:

 

Արամ Հարությունյանի խոսքով' վերջերս հնչել են մի շարք անհիմն մեկնաբանություններ:

 

«Ըստ էության, Արարատյան դաշտում մենք իրականացնում ենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ և մենք դրա մասին հայտարարել ենք և ներկայացրել այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք:

 

Այն խնդիրը, որը բարձրացվել է կապված«Արատցեմենտ» գործարանի հետ չի համապատասխանում իրականության: Համաձայն գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբեր ամսվա տեղեկատվության' գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Բնականաբար, նաև ոռոգման սեզոնը դեռևս չի սկսել, այդ իսկ պատճառով մենք թեստային անջատում ենք կատարել: Մենք հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում նաև'' ձկնաբուծական տնտեսություններ»,-ասաց նախարարը:

 

Վերջինիս խոսքով՝ պարզապես իրենց գործողությունները տալիս են արդյունքներ և «իմաստ չկա այդ գործառույթները քաղաքականցնել»,-ասաց Հարությունյանը: