Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ.

 

Արդեն երկրորդ տարին է, որ մենք նշում ենք դիվանագետի օրը։ 22 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը համալրեց Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ երկրների շարքերը, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ:

 

Մեր երկրում նշվող տոների շարքում դիվանագետի օրվա ընդգրկումը վկայում է, որ դիվանագիտական ծառայությունը մեր անկախ պետականության կարևոր բաղադրիչներից է։ Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն նրա գործունեության գնահատական է, այլ նաև պետության կողմից դիվանագետի աշխատանքի արդյունավետության հանդեպ ակնկալիքների ու սպասելիքների արտահայտություն։

 

Անկախությանը հաջորդած տարիները մեր դիվանագիտության համար կայացման տարիներ էին՝ լի բազմաթիվ մարտահրավերներով և խնդիրների լուծմանն ուղղված ջանքերով:

 

Այն, որ այս տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների ծավալուն աշխատանքի:

 

Հաջողության գնահատումը հնարավոր է քանակական և որակական ցուցանիշների համադրմամբ։ Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի, հաճախ նաև միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում Հայաստանը դիտվում է որպես վստահելի գործընկեր, որի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ընկալելի է տարբեր մայրաքաղաքներում:

 

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքների հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, վեճերի խաղաղ կարգավորման, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

 

Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության սահմանած ուղենիշների և հանձնարարականների հիման վրա մեր դիվանագիտության ջանքերն ուղղված են երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային բեմահարթակում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև հարաբերությունների բարելավմանը այն հարևանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:

 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը
Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր է գործադրում՝
հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու
նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վկայում են, որ Հայաստանի մոտեցումները ոչ միայն ըմբռնելի են, այլ նաև վայելում են միջազգային հանրության աջակցությունը։

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեր դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը։ Հայաստանը միջազգային բեմահարթակում հետևողականորեն բարձրաձայնում է մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխարգելման անհրաժեշտությունը, հանդես գալիս համապատսխան նախաձեռնություններով, ինչպես դա եղավ անցյալ տարի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով մեր նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

 

Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ևս մեկ անգամ ընդգծեեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ:

 

2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։

 

Հայաստանը և Եվրոպական միությունը երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ
համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը։

 

Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, խորացնելու փոխգործակցությունը եվրոպական, ասիական երկրների հետ, ընդլայնելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը։

 

Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը։ Այսօր Սիրիայում պատերազմի պայմաններում աշխատող կամ տարբեր հարթակներում մեր երկրի շահերին վնասող տարաբնույթ փորձերին հակազդող, մեր Հայրենիքի դրոշը բարձր պահող հայ դիվանագետները դիվանագիտական ծառայության համակարգի այն դերակատարներն են, առանց որոնց այս համակարգը չի լինի կուռ և կանգուն:

 

Այս երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն բարձրացնել հայ դիվանագետի համար սահմանված գիտելիքների նվազագույն շեմը՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պատմության, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ տեսական և գործնական խորը գիտելիքներ, լայն աշխարհահայացք, առնվազն երկու օտար լեզուների տիրապետում: Հենց նման ունակություններով օժտված կադրերով դիվանագիտական ծառայությունը համալրելու նպատակով ՀՀ Նախագահի անմիջական աջակցությամբ չորս տարի առաջ ստեղծվեց և այսօր հաջողությամբ գործում է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը՝ որի շուրջ 40 շրջանավարտ այսօր աշխատում է արտգործնախարարության համակարգում, նրանցից կեսն արդեն գործուղվել են արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ։

 

Սիրելի գործընկերներ,

 

Այս հիշարժան օրը ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում մշտանորոգ հաջողություններ Ձեր գործունեության մեջ, քանզի մեր բոլորի ջանքերի համադրմամբ, մեզնից յուրաքանչյուրի նվիրումի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ է կառուցվում մեր հայրենիքի կենսական շահերի ապահովմանը, մեր ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը կոչված մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

 

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր, ինչպես ԱԳՆ կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում օժանդակում են մեզ, մեր կողքին են մեր ամենօրյա աշխատանքում, մեզ հետ կիսում են մեր ուրախությունն ու սատարում մեզ դժվարին պահերին:

 

Առիթից օգտվելով' իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և երբեմն' անհուն համբերությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

 

Շնորհավոր: