Մաքսային միությանը միանալու որոշման կայացման ժամանակ Հայաստանն առաջնորդվել է պրագմատիկ շահերով եւ անվտանգության նկատառումներով, որոնք կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ եվրոպական տարածքի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ռումինական AGERPRES լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Եվ Եվրոպական մայրաքաղաքներում եւ Բրյուսելում ըմբռնումով են մոտենում Հայաստանի որոշմանը:

 

Մաքսային միությանը միանալու որոշմանը զուգահեռ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց միաժամանակ ԵՄ համագործակցությունից չհրաժարվելու մասին: Մենք այս երկու ուղղություններից մեկ մյուսից չենք գերադասում: Վիլնյուսում Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, հույս ունենք մինչեւ այս տարվա վերջ կսահմանենք համագործակցության պարագծերը' հաշվի առնելով նոր իրողությունները»,-ասել է Մանուկյանը:

 

Նա ընդգծել է, որ երբ Հայաստանի անկախությունից հետո նոր պետություն էր կառուցվում, երկիրն ընտրեց եվրոպական պետության մոդելը եւ դրանից չի շեղվելու: «Բարեբախտաբար, մենք տեսնում ենք, որ մեր շուրջն էլ գնում են այդ ուղղությամբ, որը ապագայի նկատմամբ հույս է ներշնչում»,-նկատել է Հանրային խորհրդի նախագահը:

 

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա չի բացառվում տնտեսական վիթխարի ներուժով օժտված եվրասիական հսկա տարածքի վրա ԵՄ մոդելով նման միության կամ միությունների ստեղծումը: Ժամանակակից գլոբալացման պայմաններում վերջիվերջո դա է ապագան, եւ պետք չէ խանդով նայել որեւէ մեկին: «Հայաստանը, ելնելով իր ազգային շահերից եւ աշխարհագրական յուրահատուկ դիրքից, փորձելու է առավելագույնս ինտեգրվել համաշխարհային այդ համակարգերին»,-ընդգծել է Մանուկյանը:

 

Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամագրվել Մաքսային միությանը: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն իրականացրել է ՄՄ-ին անդամակցության ճանապար հային քարտեզի միջոցառումների 50 տոկոսը:

 

Հայաստանը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ կշարունակի համագործակցությունը Եվրամիության հետ. 2013թ. նոյմեբերին Վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում ընդունվեց համատեղ հայտարարություն' արտահայտելով հետագա ինտեգրումը շարունակելու պատրաստակամություն: