Գրականագետը արդի գրական որոնումներում դժվարանում է գտնել որևէ այլ հեղինակի, որը կենդանի ներգործություն կունենա և կազդի պոեզիայի ճանաչման և զարգացման վրա այդքան, որքան Չարենցը: Մարտի 13-ին' հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Դավիթ Գասպարյանը, արժեւորելով բանաստեղծի գրական ժառանգությունը, նշեց, որ պետք չէ կառչած մնալ Չարենցի մի կերպարից և ժամանակն է, որ հասարակությունը նրան ամբողջապես ճանաչի: «Չարենցագիտությունը մեր գրական ճյուղերից մեկն է, որն այսօր շատ բորբոք է: Չկա ուրիշ հայ հեղինակ, որն այնքան հետաքրքրություն առաջացնի հանրության համար, որքան Եղիշե Չարենցը: Դա պայմանավորված է նրա հանճարի բազմակողմանիությամբ և անընդհատական արդիականությամբ»,- նկատեց գրականագետը:

 

Անսահման խոր ու բազմազան է Չարենցի ստեղծագործությունը և այդ ամենի մեջ է նրա ուժը: «Չարենցի մեջ որքան Աստված է նստած, այնքան էլ Չարենցը խորն էր գնում դեպի երկնքի ընդերքը, դեպի այն հրահեղուկ վիճակը, որտեղից ոգին ձայներ է լսում և վերածում խոսքի»,-պատկերավոր ներկայացրեց Գասպարյանը:

 

Դեպի Չարենցը բերող ճանապարհը կանաչ է, ուսանողներն ու աշակերտները սիրում են նրան: Գրականագետի խոսքով, սակայն, պետք չէ մոռանալ, որ գրականությունը առարկա չէ. այն արվեստի տեսակ է, որին պետք է մոտենալ արվեստի բոլոր բաղադրիչներով:

 

Դավիթ Գասպարյանը նկատեց, որ հանրությունը շատ անփույթ է հանճարի հանդեպ և փոխանակ գնա դեպի Չարենցը, նրան է հարմարեցնում իրեն: Ժողովրդի գրողը համաշխարհային փառքի է արժանանում այն ժամանակ, երբ ժողովուրդը նրան որպես մեծ արժեք է ներկայացնում: Չարենցագիտությունը քնած չէ, այն հեղեղի պես հոսող ալիք է…

 

Հայ գրականության մեջ իր ուրույն հետքը թողած բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակը Երևանում կնշվի նրան նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումների շարքով: Մարտի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվեն Կոմիտասի թաշկինակը (1913թ.) և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Մարտի 13-ին կկայանա նաև Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը: