ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

 

Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։

 

Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։