«Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալներից 5-ի՝ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի, Դավիթ Ադամյանի հարազատները արդեն 6-րդ օրն է, ինչ գնում են նախագահական նստավայր, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը մարտի 24-ին առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Նրանք պահանջում են, որպեսզի դատական գործում տարանջատվեն անմեղները եւ ոչ բոլորը դատապարտվեն 12 տարվա ազատազարկման։

 

Դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգրյանը NEWS.am-ի հետ զրուցում ասաց, որ գործով դատավոր Դավիթ Հարությունյանը բոլոր 6 ամբաստանյալներին 12 տարվա ազատազրկման է դատապարտել, որպեսզի «բարձրացնի իր ռեյտինգը»։

 

«Ինքը իրա ռեյտինգը բարձրացնելու համար ուզեցավ էս տղերքին սենց անարդար դատ անի, բայց իրա ռեյտինգը ընկելա, բոլորը զարմացած են իրա կայացրած վճռի վրա։ Իրավաբաններն ասում են՝ մենք մեր ամբողջ պրակտիկայում սենց անարդար վճիռ չէինք տեսել։ Ինչի մի հատ միջին ծանրության համար, մի հատ Արտակ Բայադյանի քիթը ջարդելու համար 12 տարի ազատազրկու՞մ են»,- բողոքում էր տիկին Նունեն։

 

Դատապարտյալի մայրը վիրավորված է նաեւ տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանի վերաբերմունքից. «Ինչո՞ւ է ասել, թե պետք է մեզ պատասխանատվության ենթարկի դատի ժամանակ իրեն ասած բառերի համար։ Ես մայր եմ, բա ինչպե՞ս վարվեի։ Ես եմ իրան դատի տալու, որ սաղ կազմակերպեց կեղտոտ, խարդախ ձեւով. բժիշկներին ասեց՝ միահամուռ ձեւով այնպես արեք, որ բոլորին միահամուռ էն նույն հոդվածով դատեն»։

 

Ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը կարծում է, ոչ թե իր որդին, ռազմական բժիշկներն են մեղավոր կատարվածի համար։

 

«Ինչո՞ւ են այսքան անարդար։ Ինչու բժիշկների մեջ հանցագործներ չե՞ն լինում, որ ունքը սարքելու տեղը աչքն են հանում։ Չի լինո՞ւմ, որ բժիշկը մորֆի ա վաճառում, մարդկանց հանցագործ ա սարքում։ Սրանք էլ հարբող բժիշկներ են եղել, եկան էս երեխեքին հանցագործ սարքեցին։ Ինչի՞ են սարքել այս մարդկանց գլխին»,- վրդովված ասաց մեղադրյալի հայրը։

 

 

Մանրամասներն` այստեղ: