Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում, որով առաջարկվում է անցնել կառավարման խորհրդարանական մոդելին, գաղափարը ճիշտ է դրված, և քաղաքական ուժերն անպայման կքննարկեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Որքանով ես հասցրել եմ կարդալ նախագիծը, բոլոր հնարավորությունները կան այն կյանքի կոչելու համար: Բնականաբար, քաղաքական ուժերը կքննարկեն այն, ամենակարևորն այն է, որ գաղափարը ճիշտ է դրված»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը կողմակից է կառավարման ներկայիս համակարգին՝ Սահակյանը նշեց, որ դա ՀՀԿ-ի սկզբունքն է, քանի որ իրենք կողմնակից չեն կառավարման խորհրդարանական համակարգին: Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում անցկացնել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ հայեցակարգը ժամանակացույց ուներ և ապրիլին պետք է ներկայացվեր Նախագահին (սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Նախագահին' սահամանդրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներ կայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 1-ը երկարաձգելու խնդրանքով-խմբ.): «Ես կարծում եմ, որ հայեցակարգը քվեարկության կդրվի ըստ ժամանակացույցի՝ 2015թվականին»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: