Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավմանը նվիրված հերթական խորհրդակցությունը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, կայացավ Մարտունու քաղաքապետարանում: Խորհրդակցությանը մասնակցում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգող, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Վարսեր, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Լիճք, Վարդենիկ համայնքների ղեկ ավարները:

 

Վերոնշյալ համայնքների ջրամատակարաման եւ ջրահեռացման համակարգերում առաջացած խնդիրները քննարկվեցին կետ առ կետ, նշվեցին այն հիմնական ժամկետները, քայլերը, միջոցները եւ հնարավորությունները, որոնց գործադրմամբ առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում մարզի համայնքների հիմնական մասում բնակչությունը կարող է ստանալ շուրջօրյա եւ որակյալ ջրամատակարարում: Ընդ որում, այստեղ Վարսերի եւ Ներքին Գետաշենի գյուղապետեր Զավեն Հարությունյանը եւ Կարո Գեւորգյանը հավաստեցին իրենց համայնքների գրավոր համաձայնությունն առ այն, որ իրենց բնակավայրերում ջրամատակարարման համակարգերն ամբողջությամբ հանձնվելու են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարմանը:

 

Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգող Վարդան Մելքոնյանը հավաստեց, որ առաջիկայում Գերմանական զարգացման բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում պետք է իրականացվեն վարկային ծրագրեր, որոնց շրջանակներում էլ Ներքին Գետաշենում եւ Վարսերում լուծում կստանան խմելու ջրի մատակարարման հետ կապված բոլոր հիմնահարցերը:

 

Սակայն, մինչեւ վարկային ծրագրի հաստատումը, համայնքի ղեկավարների պահանջով եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգողի բանավոր եւ փոխադարձ համաձայնությամբ նախատեսվեց երկուստեք ներդրումներով իրականացնել Վարսերի մի թաղամասի 12 ընտանիքների ջրամատակարարման եւ Ներքին Գետաշեն համայնքի մի քանի թաղամասերում խմելու ջրի ներքին ցանցերի նորացման աշխատանքները:

 

Խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին նաեւ Մարտունի քաղաքի ջրահեռացման համակարգի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց շուրջ արվեցին հստակ եւ գործնական առաջարկներ: Խոսք գնաց ինչպես «Բրսեյ աղբյուրի» ավելցուկ ջրերի, այնպես էլ Գեղհովիտ գյուղից Մարտունի քաղաքի վերին թաղամասեր լցվող կոյուղաջրերի հեռացման, որոշ թաղամասերի կոյուղաջրերը կոյուղու ընդհանուր ցանցին եւ մաքրման կայանին միացնելու հետ կապված հարցերի շուրջ: Նպատակահարմար համարվեց Մարտունու քաղաքապետարանի ենթակայությանը հանձնել քաղաքի վարչական տարածքում գտնվող Բրսեյ աղբյուրից աննպատակ հոսող ջուրը, Լիճք համայնքի համար սկսել նոր ջրագծի անցկացման նախագծային աշխատանքները, իսկ Գեղհովիտ համայնքի բնակիչների հետ առաջիկա օրերին անցկացնել հանդիպում՝ գյուղի ջրամատակարարման համակարգը «Հայջրմուղկոյուղու» ենթակայությանը հանձնելու առաջարկությամբ: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանի խոսքով' համայնքում «Հայջրմուղկոյուղու» կառավարման տիրույթում հայտնվելու ցանկություն հայտնել է մոտ 120 տնտեսություն, որոնք ունեն թե՛ ներքին ցանցի նորոգման, թե՛ ջրահեռառացման համակարգի կարգավորման խնդիր: Համայնքի ղեկավարն առաջարկեց համագործակցությունը եւ ներդրումային ծրագրերը սկսել ներկայացված փոքր ծավալով' հետագայում ամբողջ գյուղի տնտեսությունները «Հայջրմուղի» կառավարման տիրույթ բերելու ակնկալիքով, սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգողն առարկեց դրան, շեշտելով, որ ընկերության պատվիրատվությամբ իրականացվող վարկային ծրագրերը կներդրվեն այն դեպքում միայն, եթե համայնքը «Հայջրմուղի» կառավարման տիրույթում հայտնվի ամբողջությամբ:

 

Վարդենիկ համայնքի ղեկավարին եւս ծանուցվեց, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առաջիկայում խմելու ջրի մատակարարման բարելավման եւ ջրահեռացման համակարգի հիմնախնդրի կարգավորման ծրագրեր կսկսի Վարդենիկում միայն այն պայմանով, եթե համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը գրավոր համաձայնությամբ եւ ամբողջությամբ հանձնվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարմանը:

 

«Բավական շահեկան համագործակցություն է սկսված մեր համայնքների եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության միջեւ: Գեղարքունիքի մարզից 18 համայնքի ջրամատակարարման համակարգի նորացման գործընթացն ընդգրկված է Գերմանական զարգացման բանկի միջոցներով իրականացվող ծրագրում: Տասնութ համայնքներից միայն յոթի խմելու ջրի մատակարարման համակարգն է գտնվում «Հայջրմուղկոյուղու» սպասարկման ոլորտում: Մնացած 11 համայնքները եւս ցանկություն են հայտնել ընդգրկվելու ընկերության կառավարման համակարգում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան