Հակադիաբետիկ հաբերից ինսուլինի ներարկմանն անցնող շաքարային դիաբետով հիվանդները մեկ տարվա ընթացքում անհատույց գլյուկոմետրեր կստանան: ՀՀ առողջապահության նախարարությունը և «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն ապրիլի 14-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց գլ յուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն ինսուլինի ներարկման:

 

Հուշագիրն ստորագրեցին առղջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը և «Կոնցեռն-Էներգոմաշ»-ի կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանը։

 

Կարևորելով համագործակցությունը' Սուրեն Քրմոյանը նշեց, որ շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները պետության հոգածության ներքո են, և նախարարությունը հետամուտ կլինի, որ այդ հիվանդները, բացի անվճար տրամադրվող դեղերից, ապահովվեն նաև բարձրորակ ստրիպներով։

 

Դավիթ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և տեղեկացրեց, որ հիվանդներին կհատկացվեն գերմանական արտադրության ժամանակակից գլյուկոմետրեր։ Ընկերությունը նաև դասընթացներ կկազմակերպի հիվանդների համար, որպեսզի նրանք կարողանան ամենօրյա ճիշտ ինքնավերահսկում կատարել։

 

Կողմերը պարտավորվեցին 10-օրյա ժամկետում մշակել և համաձայնագրով հաստատել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհատույց գլյուկոմետրերի տրամադրման կարգը:

 

Համագործակցության արդյունքում կբարձրանա շաքարային դիաբետով տառապող անձանց ինքնավերահսկման արդյունավետությունը, հետևաբար, և բուժման ճիշտ կազմակերպումը։