«Իհարկե, ծեծկռտուք է եղել և դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ և չի ողջունվում ոչ մի կերպ»,- այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում անպատժելիության մթնոլորտի արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին:

 

«Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո որոշակի լարվածության և ուշադրության կենտրոնում էր քաղաքը, և մի քիչ ավելի գերուշադիր եք այդ ռեգիոնի նկատմամբ, բոլոր դեպքերում այն երևույթները, որոնք քրեական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, անթույլատրելի են, դա լինի իմ պարագայում, իմ եղբոր պարագայում, թե իմ հորեղբոր տղայի»,- նշեց նա:

 

Փաշինյանն արձագանքեց, որ այս դեպքում ևս Սուրիկ Խաչատրյանի անունն է հնչում, իսկ նրանք, ովքեր դանակահարության հեղինակներն են, տարիներ առաջ դատապարտված են եղել այլ հանցագործությունների համար:

 

«Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատրյանը խրախուսում է դա և ողջունում է, ինքն էլ է երևի մտահոգ, բոլոր դեպքերում քննությունը կընթանա, ես համոզված եմ, որ ինչ-որ գնահատականներ իրավական դաշտում կլինեն»,- եզրափակեց Վահե Հակոբանը: