Երեկ քառյակի կողմից հրապարակված 12 կետից բաղկացած պահանջների վերաբերյալ իշխանությունները պաշտոնապես դեռևս չեն արձագանքել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

«Այս պահին պաշտոնական արձագանք չկա: Բայց, գիտեք, իրենք չեն ասելու՝ այո, դա կանենք, կամ չենք անի: Կարծում եմ, որ արդեն աշխատանքը և քաղաքական կամքը ցույց կտան' ունակ են և ունեն ցանկություն դա անելու, թե ոչ: Սրանք առաջին անհրաժեշտ քայլերն են, որ մենք ձևակերպել ենք, դրանք անիրականանալի խնդիրներ չեն, եթե կա դրա համար անհրաժեշտ քաղաքական կամք: Առաջիկա ժամանակաշրջանը դրա մասին ցույց կտա: Իսկ հայտարարություններով իրենք կարող են այստեղ էլ ասել, որ այդ կետերը շատ ընդունելի են, և անելու ենք, բայց այդ հայտարարությունները մենք շատ ենք լսել, մեզ համար կարևորը գործն է»,- ասաց Զոհրաբյանը: