Իշխանությունները պատրաստ են ընդունել քառյակի այն պահանջները, որոնք ոչ թե ընդամենը ցանկություն են, այլ կառավարության հնարավորությունների սամաններում են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդունելի՞ են իշխանությունների համար քառյակի 12 կետից բաղկացած պահանջները:

 

«Եթե նրանց պահանջները զուտ ցանկություն չեն, մենք կընդունենք դրանք: Այդ ընդունումը, սակայն, կապ չունի նրա հետ, որ նրանք հանրահավաք են անելու: Հանրահավաք կարող են հենց վաղն էլ անել: Մեք այդ կետերը կընդունենք՝ հասկանալով, որ դրանք մեր հնարավորությունների սահմաններում են, և եթե նկատել եք, նրանց պահանջների մի մասն ընդգրկված են կառավարության ծրագրում»,-ասաց ԱԺ նախագահը՝ ընդգծելով, որ հարկավոր է առանձնացնել ցանկությունները և հնարավորությունները:

 

Գալուստ Սահակյանն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ քառյակն իր պահանջները կատարելու համար կառավարությանը ժամանակ է տվել: Նա նշեց, որ ճիշտ չի համարում ժամկետներ սահմանելը, քանի որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջարկում է քառյակը և կառավարության ծրագրի մաս են կազմում, իրականացվելու են քայլ առ քայլ:

 

Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե քառյակի առաջարկած որոշակի կետեր պոպուլիստական են և ընդունելի չեն ՀՀԿ-ի համար, Սահակյանը պատասխանեց, որ եթե քաղաքական ուժեր են, պոպուլիզմ էլ կարող է լինել, սակայն պոպուլիզմը պետք է առանձնացնել և խնդիրները փորձել լուծել պրակտիկ ճանապարհով:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը ներկայացրել է 12 կետից բաղկացած առաջարկները: Տեքստում շեշտադրված էին երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք պահանջներ: Մասնավորապես, քառյակը պահանջում է վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի միջոցով սահմանվող տուգանքների ու ավտոկայանատեղերի համակարգը, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ, մարզերում խթանել փոքր ու միջին բիզնեսը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը և այլն: