Թուրքիայի կառավարությունը Լիբիայի ռիսկային տարածաշրջաններից հայրենիք է վերադարձնում իր քաղաքացիներին' հարկադրված լինելով կատարել 48 ժամվա ընթացքում թուրք քաղաքացիների' երկրից հեռանալու մասին լիբիացի գեներալի պահանջը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

 

Լիբիայի նախկին գեներալ Հալիֆե Հաֆթերն իր խոսնակ Մուհամադ ալ Հիջազիի միջոցով երկու օր առաջ հայտարարել է, որ եթե Թուրքիան և Քաթարը իրենց քաղաքացիներին 48 ժամվա ընթացքում դուրս չբերեն երկրի արևելքից մինչև արևմտյան Սիրթ քաղաք ձգվող տարածքներից, ապա կսկսվեն նրանց ձերբակալությունները: Լիբիական կողմը թուրք և քաթարցի քաղաքացիներին մեղադրում է իրենց երկրների օգտին լրտեսություն կատարելու մեջ:

 

Լիբիացի գեներալի այդ հայտարարությունը խուճապ էր առաջացրել թուրք քաղաքացիների շրջանում: Թուրքական կառավարությունը Լիբիայի այդ զգայուն տարածքներից երեկ և այսօր դուրս է բերել իր բոլոր քաղաքացիներին' Հալիֆե Հաֆթերի վերահսկողության տակ ռիսկային շրջաններում թողնելով մոտ 100 թուրք քաղաքացիների: Նշվում է, որ նրանք սեփական ցանկությամբ են մնում Լիբիայում, քանի որ բնակվում են համեմատաբար կայուն շրջաններում: