Հունիսի 15-ին սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրումից հետո հայրենիք վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը՝ ավելացնելով, որ քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողպտվել են: Նրա խոսքով, բնակարաններից որոշները զրկվել են բոլոր տեսակի տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել: Որոշ բնակարաններից գողացվել են միայն հագուստներ և տան իրեր, զարդեր: «Ահռելի չափերով տարբեր տեսակի իրեր գողացվել և տեղափոխվել են Թուրքիա»,- նշեց վարդապետը:

 

Նա նաև ավելացրեց, որ քեսաբահայ կանայք շարունակում են գիշերել Լաթաքիայում, քանի որ շատերի խոհանոցները ավերված են, հնարավոր չէ ճաշ պատրաստել, կատարել տնային գործերը, ուստի նրանք ցերեկը Քեսաբ են գնում մաքրություն, դասավորություններ անելու համար, ինչից հետո վերադառնում են Լաթաքիա: Իսկ տղամարդիկ գիշերում են Քեսաբում. նրանք սկսել են հավաքել բերքը' չնայած որ չափազանց դժվարին իրավիճակում են հայտնվել: Գողացվել են բոլոր տեսակի գործիքները, տրակտորները, և այժմ արտը վարելու համար անհրաժեշտ գործիքներ, սարքավորումներ չկան:

 

Մյուս կողմից Քեսաբում անվտանգության վերաբերյալ մտավախություն կա, քանի որ վերջին օրերին մի քանի հրթիռներ են ընկել Քեսաբի ուղղությամբ: Վարդապետը նշեց, որ բարեբախտաբար, դրանք լեռներում են ընկել և վնասներ չեն պատճառել: Նրա խոսքով, թեպետ Թուրքիան հայտարարել է, որ զինյալների առջև փակել է սահմանը, այնուամենայնիվ, դա հուսալի չէ, և անակնկալներ միշտապես սպասելի են: Վարդապետը նաև տեղեկացրեց, որ Քեսաբում վերականգնվել է էլեկտրաէներգիան, հեռախոսակապը և համացանցը, իսկ ջուրը օրվա մի քանի ժամերի է լինում, քանի որ խողովակները դեռ չեն նորոգվում: «Պետ ությունը աշխատանքներ է տանում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»-,հավելեց վարդապետը:

 

Ինչ վերաբերում է Քեսաբին ուղղված օգնություններին, նա նշեց, որ հանգանակություններ եղել են ողջ հայության կողմից, սակայն մինչև այժմ որևէ օգնություն չի ցուցաբերվել: Միայն հույն ուղղափառ եկեղեցին փոքր օգնություն է տրամդրել քեսաբցիներին: Փաթեթների մեջ եղել են մաքրության պարագաներ, խոհանոցային անհրաժեշտ իրեր: