Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ներկայացմամբ' նախորդ տարվա համեմատությամբ մանկապարտեզների եւ դպրոցների վերաբերյալ թեժ գծերին եկող զանգերն անհամեմատ նվազել են: Մեկ ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզներից 90 բողոք է ստացվել, իսկ դպրոցներից՝ 85՝ նախորդ տարվա 140-ի դիմաց: «Թեժ գծերին ստացված զանգերի հետքերով մանկապարտեզների և դպրոցների շատ աշխատողներ ու տնօրեններ արժանացել են կարգապահական տարբեր տույժերի: Սա շատ արդյունավետ է աշխատում ու սթափ է պահում բոլորին»,- հուլիսի 2-ին 2013-2014 թթ. ուսումնական տարին ամփոփելու ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետը:

 

Գայանե Սողոմոնյանը կարևոր նվաճում համարեց ԿԳՆ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ 12 հատուկ մանկապարտեզների բացումը, ուր հաճախում են շուրջ 300 երեխաներ: «Մանկապարտեզներում լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվում' վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Անցած տարվա ընթացքում մայրաքաղաքում 28 մանկապարտեզ է վերանորոգվել»,- ասաց Գայանե Սողոմոնյանը' հաելելով, որ փորձում են կարգավորել նաեւ ամառային ճամբարների հարցը:

 

Այս առումով նույնպես որոշակի ձեռքբերում կա: Կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաները կմեկնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ՝ ամառային արձակուրդն անցկացնելու համար:

 

«Քաղաքից հեռանալու տարբերակ չունեցող երեխաների համար էլ վարչական շրջաններում ստեղծվում են բակային ճամբարներ, որտեղ երեխաները կկարողանան իրենց հանգիստը կազմակերպել ու անցկացնել»:

 

Ավարտվող ուսումնական տարվա ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովմանը: Ucom ընկերության հետ քաղաքապետարանը կարողացել է մայրաքաղաքի 15 միջնակարգ դպրոցներում բացել համակարգչային սրահներ եւ կահավորել: