Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը հանրային լայն քննարկման ներկայացրին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' քննարկմանը մասնակցում էին մարզպետար անի աշխատակազմի ստոարաբաժանումների ղեկավարներ եւ աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, Գավառի պետական համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, լրագրողներ: Հանդիպում-քննարկումը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ Սահամանդրության բարեփոխումների նոր հայեցակարգը դեռեւս վերջնական չէ, գտնվում է նախագծային փուլում, նույնիսկ' տարակարծություն է ստեղծել հանձնաժողովի անդամների միջեւ: Այն այժմ հանրային լայն շերտերի քննարկման առարկան է դարձել, որի ավարտից հետո կմտնի քաղաքական քննարկումների դաշտ:

 

«Մենք մեր երկրի Սահմանադրությունն ընդունեցինք 1995 թվականին, երբ մեր երկիրը նոր էր դուրս եկել ծանր պատերազմից, եւ զգացվում էր ուժեղ, կենտրոնամետ իշխանության կարիքը: 2005 թվականին այն բարեփոխվեց, որով նվազեցվեց ՀՀ նախագահի ինստիտուտի դերը, լուրջ փոփոխություններ մտցվեցին, բայց այժմ էլ նոր բարեփոխումների մասին մտածելու ժամանակն է, դրա կարիքն առաջացել է: Մենք կոչվում ենք կիսանախագահական հանրապետություն, իսկ այժմ խոսքը գնում է պառլամենտական հանրապետության ստեղծման մասին»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Գավառի պետական համալսարանի դասախոս Համլետ Ղաջոյանը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին: «Երբ հանրաքվեի էր դրվում 2005 թվականի ՀՀ Սահմանադրության բարեփոխված տարբերակը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, քաղաքական ուժերի, իշխանության կողմից կարծիք էր հնչեցվում, թե նոր բարեփոխմամբ ամեն մի կնճիռ հարթվելու է, մինչդեռ 10 տարի անց նորից Սահմանադրության բարեփոխման խնդիր է դրվում: Այն կարելի է համարել մարդակենտո՞ն, թե՞ պատեհապաշտ Սահմանադրություն, եւ որքան ժամանակ կծառայի իր նպատակին»,-հարցրեց Համլետ Ղաջոյանը:»Կարող եք այն համարել մարդակենտրոն կամ պատեհապաշտ, միեւնույն է, այն այսօր չի գրվում երկար ժամանակի համար, քանի որ 10-15 տարի հետո մեր երկրում նոր խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը հնարավոր չի լինի արտացոլել գործող Սահմանադրության մեջ, ուստի եւ նոր բարեփոխումների խնդիր հաստատ կունենանք: Թեկուզ մարդիկ այն համարեն պատեհապաշտ, այդուհանդերձ, ես գտնում եմ, որ սա ճիշտ, անհրաժեշտ եւ պահանջվող բարեփոխում է, որի պահը հասունացել է»,-պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

 

Հանդիպման մասնակիցներին դիմեց նաեւ ՀՀ նախագահին կից Սահմանադրական բաեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը, շեշտելով, որ գրեթե բոլոր երկրներում սահմանադրական բարեփոխումները շատ ավելի արագ են կատարվում, քան Հայաստանում, եւ որ Սահմանադրության մեր նոր բարեփոխումը նաեւ կանխորոշելու է քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը' արդյունավետ կառավարման համակարգի հաստատման ճանապարհով, որը կընթանա իշխանության երեք օղակներում: Ապա մասնակիցների կողմից առաջադրված բազմաբնույթ հարցերին պատասխանեցին Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Դանիելյանը: Ընդգծված ակտիվություն դրսեւորեցին Գավառի պետական համալսարանի դասախոսները եւ ուսանողները: Հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում փոխհարաբերություններին, վարչատարածքային բաժանման հետ կապված խնդիրներին, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումներին: Առաջադրված բոլոր հարցերին բանախոսները տվեցին համոզիչ պատասխաններ' գտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական նոր բարեփոխումները ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաեւ' օրինաչափ, առաջնահերթ ու կարեւոր, որոնք բխում են ոչ թե անձերի, այլ ողջ երկրի եւ ժողովրդի շահերից:

Խոսրով Խլղաթյան