Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը բացատրությունների համար կանչել է Թուրքիայի գործերով հավատարմատարին' կապված Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ ռազմական հակամարտության կարգավորման մեջ Կահիրեի դերակատարությունը թուրքական իշխանությունների կողմից քննադատության եթարկվելու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:

 

Իսրայելա-պաղեստինյան նոր ճգնաժամը հարթելու նպատակով Կահիրեի միջնորդական առաքելության հետ կապված, որը իսրայելյան կողմն ընդունել էր, իսկ պաղեստինյան կողմը' մերժել, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել էր Եգիպտոսի ղեկավարությանը' երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին անվանելով «բռնակալ», եւ ասել, թե «չի կարելի հույս դնել Կահիրեի հաշտեցման բանակցությունների վրա»: Կիրակի Կահիրեում թուրք դիվանագետին հայտարարել են, որ Եգիպտոսը «վճռաբար չի ընդունում Թուրքիայի ղեկավարության զայրացուցիչ հայտարարություն ները»:

 

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ արվելուց հետո, որին հետեւեցին արյունալի բախումներ այդ երկրում: Թուրքիայի վարչապետ Էրդողանն այն ժամանակ խստորեն դատապարտել էր այդ իրադարձությունները եւ դրանցում մեղադրել եգիպտացի զինվորականներին:

 

Օգոստոսին Թուրքիան եւ Եգիպտոսը խորհրդակցությունների համար փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին: Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Բոթսալըն Եգիպտոսում հայտարարվել է «անցանկալի անձ»: Դրան ի պատասխան, Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայում Եգիպտոսի դեսպան Աբդուռահման Սալահեդդինին: