Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի գործը գտնվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում, եւ այս պահին գրասենյակի մասնագետներն ուսումնասիրում են ՌԴ Քրեական օրենասգիրքն ու միաժամանակ համապատասխան վերլուծություններ կատարում գործի եւ Հայրապետյանի առողջական վիճակի հետ կապված:

 

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա Կարեն Անդրեասյանը կդիմի ՌԴ իր կոլեգային: Սակայն այստեղ խնդիրը հիմնականում վերաբերվում է կալանավորմանն ու խափանման միջոցի փոփոխմանը, եւ այդ հարցի լուծումը դատարանի իրավասության տակ է գտնվում եւ այս առումով Օմբուդսմենի գրասենյակը իրավասության չունի:

 

Եթե մենք ստանանք լուրեր, որ կալանավայրում խախտվում են Լեւոն Հայրապետյանի իրավունքները կամ նրա հանդեպ կիրառվում են խոշտանգումներ, ապա ՄԻՊ գրասենյակն իր իրավասությունների շրջանակում ամեն ինչ կանի հայազգի գործարարին աջակցելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ գրասենյակի Արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմաննի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լ ևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:

 

Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 

Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպ ություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: