Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ յուրաքանչյուր ինքնավար պետության իրավունքն է որոշել' ում հետ համագործակցել, ինչ մակարդակի ու ինչ խորության' անկախ նրանից, թե այդ երկիրն ինչ պատժամիջոցների ներքո է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը' անդրադառանլով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արած հայտարարությանը:

 

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

 

«Սա, ըստ էության, շանտաժ է, պահանջ, որը դուրս է ցանկացած դիվանագիտական ներկայացուցչության լիազորություններից: Այն սահմանափակում է գործողության ազատությունը: Նման հայտարարություններից հետո հայկական դիվանագիտությունն ավելի քան պարտավոր է բողոքի նոտայով հանդես գալ, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Քաղաքագետի խոսքով' Հայաստանը նման խնդիր ունեցել է Իրանի հետ հարաբերությունների պարագայում: «Պետք է կառավարաթյունն անուշադրության մատնի նման սպառնալիքները, այն հարցերը, որոնք լուծում է Ռուսաստանը Հայաստանի համար որևէ այլ երկիր չի կարող լուծել, և սա չի վերաբերում մեր ճոխ ապրելու ցանկությանը, այլ մեր անվտանգությանը, որը ամենակարևոր խնդիրն է ցանկացած երկրի համար»,- ավելացրեց քաղաքագետը:

 

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում, համապատասխանաբար, «Առէկսիմբանկ»-ը և «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Պատժամիջոցների է ենթարկվել նաև «Ռոսնեֆտ» ընկերությունը, որը հայտարարել էր «Նաիրիտի» վերագործարկման համար խոշոր ներդրումային ծրագրի մասին: