Երևանի 22 մանկապարտեզներում տարվում են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ: Այժմ ավարտվել է դրանցից 5-ի վերանորոգումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

«Մինչև ուսումնական տարվա սկիզբ կավարտենք ևս հինգի վերանորոգումը: Մնացածի վերանորոգումը կշարունակվի, սակայն որևէ մանկապարտեզ շինարարության հետ կապված չի ընդհատի իր գործունեությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:

 

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ այս տարի իրականացվել է գույքի ձեռք բերման ծրագիր և 270 միլիոն դրամի գույք է գնվել մանկապարտեզների համար՝ սեղաններ, աթոռներ, սառնարաններ, կաթսաներ, մահճակալներ և այլն:

 

«Այս ամենի բաշխումը սկսվել է հուլիսի 20-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը: Մենք կունենանք թարմ տեսքով մանկապարտեզներ, և կարծում եմ, որ սա պետք է առաջացնի երևանաբնակ ծնողների գոհունակությունը»,- նշեց Սուքիասյանը:

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 159 մանկապարտեզ: 6 մանկապարտեզում իրականացվում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցական հասակի երեխաների կրթություն: