Պրահայից 38 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռակովնիկ շրջանի Ռեվնիչով բնակավայրի մոտակայքում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց տարածք եւ բախվել իտալական ավտոբուսին, որի մեջ են եղել 34 ուղեւորներ։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Օրեր»-ը, ըստ Չեխիայի Շտապ օգնության մամուլի քարտուղար Պետրա Էֆենբերգովայի, նրանցից 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կլադնոյի, Ռակովնիկի եւ Պրահայի «Մոտոլ» հիվանդանոցներ։

 

Ըստ ոստիկանության տեղեկատվության, ավտոբուսի ուղեւորները ԱՄՆ-ից ժամանած հայերի խումբ էին, ովքեր վերադառնալիս են եղել Կարլովի Վարի կատարած էքսկուրսիայից եւ իջեւանել են Պրահայի հյուրանոցներից մեկում։ Վնասվածքների աստիճանները տարբեր են՝ միջին եւ ծանր աստիճանի կոտրվածքներ, ուղեղի ցնցում եւ այլն։ Ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

 

«Մոտոլ» հիվանդանոցի տեղեկատվության բաժնի փոխանցմամբ, իրենց մոտ ընդունված երեք հիվանդները ենթարկվել են բուժզննման եւ դուրս են գրվել: Մյուսների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։ Ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Գեբհարտը հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր է։ Ոստիկանությունը սկսել է դժբախտ պատահարի հետաքննությունը: