Ադրբեջանական լրատվամիջոցները, սեփական բանակի անկարողությունը ծածկելու և հասարակության մեջ ահագնացող դժգոհությունը մեղմելու որևէ այլ միջոց չունենալով, կեղծիք տարածելու խղճուկ փորձին են դիմել՝ հայտարարելով իբր հայկական կողմը մեծ կորուստներ ունի: Վկայակոչելով քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանի՝ Թվիթերի կեղծ էջը, որն ի դեպ հենց նոր է ստեղծվել, ադրբեջանցիները շտապել են հայտ արարել իբր հայկական բանակը կորցրել է 51 զինվորական, 35-ը վիրավորվել են:

 

«Արմենպրես»-ին հաջողվեց կապ հաստատել Աբրահամյանի հետ, ով կտրականապես հերքեց ադրբեջանցիների տարածած տեղեկությունները, հայտեց, որ հնարովի էջն իրենը չէ, ավելին՝ վերջին երկու շաբաթը չի օգտվել Թվիթեր սոցիալական ցանցից: «Ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որ հավատում են ադրբեջանական մտքի թռիչքներին, որոնք ապացուցում են հայտնի խոսքը՝ «Կա սուտ, լկտի սուտ և ադրբեջանական լրատվություն»»,-ասաց Աբրահամյանը:

 

Իհարկե մեր գործակալությունն ի սկզբանե լուրջ չի ընդունել նման խղճուկ սուտը, այն էլ մի երկրի կողմից, որն իր հատուկ նշանակության զոհերին «սպառազինում է» փորլուծության դեմ դեղամիջոցներով:

 

Ադրբեջանական կողմը, հրահրելով սահմանային միջադեպեր և դիմելով անհաջող դիվերսիոն գործողությունների, իրականում ինքն է մեծ թվով կարուստներ ունեցել. հուլիսի 31-ի և լույս օգոստոսի 1-ի գիշերը գործողությունների հետևանքով կորցնելով մոտ 14 զինծառայող և տալով մեծ թվով վիրավորներ: Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

 

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ՝ Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն: