Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը, օգոստոսի 3-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիզիե Աֆքհամը: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել բանակցությունները՝ համաձայնության հասնելու համար: Աֆքհամն իր ցավակցությունն է հայտնել վերջին բախումների հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչ արել: Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված' բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

 

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ' ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային\ զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց: