Մատաղիսում ծառայող հայ զինվորի մայրը շնորհակալություն է հայտնել ՊՆ Մատաղիսի N զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանին, գումարտակի հրամանատար Վիգեն Սիմոնյանին, վաշտի հրամանատար Ալիկ Սարուխանյանին, ինչպես նաև բժիշկ Սամսոն Բազիկյանին, իր որդու' 5-րդ գումարտակի 15-րդ վաշտի զինվոր Կարեն Եփրեմյանի հանդեպ ցուցաբերած մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

 

«Երբ որդիս զորակոչվեց բանակում ծառայելու, ես մտահոգություն ու անհանգստություն ունեի, թե իմ որդին ինչպես և որտեղ է անցկացնելու ծառայությունը: Քանի որ տղաս իմ օջախի միակ արու զավակն է և ամուսնուս մահից հետո նա է մնացել մեր ընտանիքի միակ ուրախությունն ու ապավենը, ես կրկնակի մտավախություն ունեի որդուս համար:

 

Բայց երբ մի քանի օր առաջ մասնակցեցի իմ տղայի զինվորական երդման արարողությանը, հասկացա, որ նա գտնվում է բարեգութ և հուսալի մարդկանց շրջապատում: Եվ ոչ միայն իմ որդին: Ուրախությամբ նկատեցի, որ բոլոր զինվորները գտնվում են բարեգութ և մարդկային բարձր նկարագիր ունեցող հրամանատարների հուսալի ձեռքերում:

 

Հայրենի տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող բազմաթիվ երիտասարդներ, այդպիսի հրամանատարների շնորհիվ երկրորդ տուն են համարում բանակը, և հավատացած եմ, որ տուն կվերադառնան տղամարդուն արժանավայել դաստիարակություն ստացած»,- գրել է Կարեն Եփրեմյանի մայր' Կարինե Կարապետյանը քաղաք Ջերմուկից:

 

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին' պաշտպանության համակարգը փորձառու և հիանալի կադրերով համալրելու համար, ինչպես նաև նամակում նշել է, թե աղոթում է, որ խաղաղություն լինի: