Բաքվում այս գիշեր պղծել են Շեհիդների ծառուղում Իլհամ եւ Ֆարիզա Ալլահվերդիեւների գերեզմանը, որը հանդիսանում է «ադրբեջանական սիրո եւ հավատարմության խորհրդանիշը»:

 

Գերեզմանաքարի վրա քանդակված նրանց դիմապատկերներն աղտոտել են արտաթորանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ANS PRESS լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

 

Տարածքը ոստիկանությունը հսկում է մինչեւ գիշերվա ժամը 2-ը: Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան մոտ ժամը 22:30-ին: «Հունվարի 20» հասարակական միության աշխատակից Գուդրաթ Հուջաթովը ANS PRESS-ին հերքել է միջադեպի մասին լուրը, սակայն, երբ թղթակիցը նրան ցույց է տվել շեհիդների աղտոտված գերեզմանաքարի լուսանկարը, հաստատել է փաստը եւ նշել, որ իրենք արդեն մաքրել են այն: Թղթակիցը պարզել է, որ միջադեպից տեղյակ չեն նաեւ տարածքը վերահսկող ոստիկանները:

 

Նշվում է, որ Իլհամ Ալլահվերդիեւը զոհվել է Բաքվում 1990 թվականի հունվարյան դեպքերի ժամանակ: Այն ժամանակ հայկական ջարդերի պատճառով ԽՍՀՄ ղեկավարությունը զորք էր մտցրել Բաքու, ինչին փորձել են դիմադրել հայերի սպանությամբ եւ նրանց ունեցվածքի թալանով զբաղված ազգայնականնները: Իսկ Ֆարիդան քացախաթթու խմելով ինքնասպանություն է գործել` չդիմանալով ամուսնու անժամանակ մահվանը: