Հաշմանդամների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով, 2014 թվականի մայիսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման ծրագիրը: Եթե նախորդ տարի 20 միլիոն դրամ էր հատկացվել, ապա 2014 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային բյուջեից հատկացվել է 40 միլիոն դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված 200 թեքահարթակներից 100-ն արդեն կառուցվել է' սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան: Դրանց տեղադրման վայրերն ընտրվել են հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամների հետ համատեղ:

 

Թեքահարթակներ կկառուցվեն նաև Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող 23 փողոցներում: Այդ ուղղությամբ մեկ այլ ծրագիր իրագործվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում:

 

Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերություններին աջակցելու նպատակով նաև թեքահարթակների կառուցման նախագծեր է տրամադրում: Ներկայում գույքագրված 500 մասնավոր կառույցներից 215-ում թեքահարթակների ներկառուցման աշխատանքներն ավարտված են: Թեքահարթակների ներկառուցման շնորհիվ կդյուրացվի նաև մանկասայլակներով անցնող քաղաքացիների տեղաշարժը:

 

Երևանի ավագանու որոշմամբ' բազմաբնակարան, բազմագործառույթ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակների կառուցումը: