ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը' «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ), ականազերծված և ստուգազննված տարածքներն օգոստոսի 28-ին հանձնել է Սյունիքի մարզպետարանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձման արարողությանը մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Գլխավոր վերահսկիչ Սամվել Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցը, «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության ղեկավար Յուրի Շախրամանյանը, ՖՍԴ հայաստանյան ծրագրի ղեկավար Ստեֆան Բրիանը, Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

 

Արարողությանը ներկա են եղել ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի հրավերով Հայաստանում գտնվող Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի փոխտնօրեն Գայ Ռադոսի գլխավորած պատվիրակությունը, մարզային իշխանությունների, Շուռնուխ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության պատասխանատու աշխատակիցներ:

 

Արարողության ավարտին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին է հանձնել ականազերծված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը:

 

2012-2013թթ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից:

 

ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ, 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ սկսել և օգոստոսի 26-ին հա ջողությամբ ավարտել է այս 2 ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները: