Lragir.am. Մի քանի օր է, ինչ հայաստանյան լրատվամիջոցներում եւ Facebook սոցցանցում մտահոգության թեմա է դարձել Քաշաթաղի շրջանի Բերձորի Արվեստի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի հանդեպ վարչակազմի ղեկավարության Հետապնդումների հարցը: Դպրոցում խուզարկություններ են իրականացվել տնօրենի բացակայության պայմաններում: Ինչպես Facebook-ի իր էջում գրում է Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, հետապնդումների «հեղինակը» Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն է:
«Առանձնապես հիշատակելի է, որ սույն անձը 2004-2006 թթ. Քաշաթաղի մերօրյա հայաթափման տխրահռչակ «ջատագով» Համլետ Խաչատրյանի գլխավոր հանցակիցն էր, որոնց հակապետական գործունեության հետևանքով նշված տարիներին Քաշաթաղից հեռացել են հարյուրավոր ընտանիքներ և ամայացել մի շարք բնակավայրեր», գրում է Ալեքսանդր Քանանյանը եւ նշում, որ Գոռ Մանուկյանի հանդեպ Խաչատրյանի ատելության պատճառը նրա անկախ քաղաքացիական կեցվածքն էր և՝ Արվեստի դպրոցի երեխաներին Երևանից նվիրաբերված մերսեդես-սպրինտեր միկրոավտոբուսը՝ սեփական նպատակներին ծառայեցնելու պահանջին ի պատասխան ստացած մերժումը:
Արցախի կառավարությունը ազգային վիճակախաղի մասին է հայտարարել, որի խաղարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին՝ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահի ընտրության օրը: Ազգային վիճակախաղից ստացված փողն ուղղվելու է ազատագրված տարածքների վերաբնակեցման գործին:
Նախաձեռնությունն իսկապես ողջունելի է, բայց վերաբնակեցման զուտ ֆիզիկական գործընթացից դուրս, գրեթե նույն կարեւորության հարթությունում է այդ գործընթացի բովանդակությունը: Ովքե՞ր են վերաբնակվելու տարածքներում, ինչ կարգի, ինչ տեսակի, ինչ հոգեբանությամբ եւ աշխարհայացքի տեր մարդիկ, ինչ տեսակի ներկայացուցիչներ: Անշուշտ խոսքը վերաբնակներին տեսակավորելու անհրաժեշտության մասին չէ, այլ վերաբնակեցման փիլիսոփայության:
Ազատագրված տարածքները պետք է իրենց «երկրորդ շնչառությունը» ստանան ազատ մարդկանց վերաբնակեցմամբ: Այսինքն, այդ տարածքները պետք է լինեն ոչ միայն սոցիալապես անապահով, անհաջողակ մարդկանց համար մխիթարություն, այլ պետք է լինեն ազատ մարդկանց, ազատ քաղաքացիներին կամարտահայտման խորհրդանիշ:
Ազատագրված տարածքներում պետք է առաջին հերթին վերաբնակվի ազատությունը, հետո այն առարկայանա ֆիզիկական ամեն մի բնակչի կյանքով, գործունեության հնարավորություններով, ստեղծագործական ազատությամբ: Իսկ այդ ամենի պահապանը պետք է հանդիսանա օրենքը, իրավունքը:
Եթե դրա փոխարեն պետք է գերիշխի որեւէ չինովնիկի կամայականություն, ապա ազգային վիճակախաղի փողերն արդեն իսկ կարելի է համարել ջուրն ընկած: Այստեղ ընդամենը Գոռ Մանուկյանի խնդիրը չէ, ընդամենը անհատի պաշտպանության, անհատի ազատության ու իրավունքի խնդիր չէ, այլ ընդհանրապես հայկական երկու պետականությունների համար ռազմավարական նշանակության հարցի հանդեպ վերաբերմունքի խնդիր:
Որեւէ համահայկական ռազմավարական նախաձեռնության ուժը ոչ թե կարգախոսներն ու հռչակված նպատակներն են, այլ այն իրական պատկերը, ինչի ֆոնին ձեւավորվում են այդ նպատակներն ու կարգախոսները: Եթե ազատագրված տարածքների վերաբնակիչները հայտնվելու են ընդամենը տարատեսակ չինովնիկների հայեցողությանը հանձնված համակենտրոնացված միջավայրերում, ապա վերաբնակեցումը վերածվում է պետական ու ազգային խայտառակության ու աղետի: Որեւէ նշանակություն չկա՝ տարածքները հանձնվում են Ադրբեջանին, թե ինչ որ չինովնիկների: Տարբերությունը միայն տարածքներն օրենքին ու իրավունքին, արդարությանն ու արդարադատությանը հանձնելն է:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ