Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՅ Դաշնակցությունը Արցախի անկախությանը նվիրված խորհրդաժողով է անցկացնում «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, խորհրդաժողովի մեկնարկից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի` մասամբ ճանաչում. «Պետք է ամեն ինչ անել, որ առանձին քաղաքներ ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը: Դա կստեղծի Ադրբեջանի շուրջ հոգեբանան մթնոլորտ՝ մղելով հակազդեցությունների»- ասաց Հրանտ Մարգարյանը՝  շեշտելով, որ պետք է ճիգ թափել, որ տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը։ 

Անդադառնալով ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ տարվող քաղաքականությանը՝ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այս հարցում մենք այս տարիների ընթացքում որևէ առաջընթաց չենք ունեցել, սակայն հիմա ժամանակն է նման քաղաքականությունն առաջ տանելու.  «Մենք ազատագրված տարածքների հարցում մնացել ենք սկզբնական տւարբերակի վրա: Մենք կարծում ենք, որ ժամանակն է համազգային ուժերը մոբիլիզացնել՝ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար»: 

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում կազմակերպված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Հրանտ Մարգարյանը նշեց. «Մենք անկախ երկիր ենք, և մենք ենք որոշում` ինչին մասնակցել, ինչին` ոչ: Ես համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ.  ճիշտ է, չենք փորձում հակադրվել մյուս ճամբարներին, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք»: