ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

 

Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը:

 

Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է և վերջինիս կայացումը Հայաստանի Հանրապետության օրակարգի հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում կրթական ոլորտի հետագա կատարելագործումը և շարունակական բարեփոխումները՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

 

Կրկին շնորհավորելով բոլորիդ այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ: