Ադրբեջանում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Հասան Ալիեւի դեմ բացված դատական գործից հայտնի է դարձել, որ վերջինս զբաղված է եղել գործադիր ղեկավարների պաշտոնների «վաճառքով»: Կախված այն բանից, թե անձը գործադիր ղեկավար պետք է նշանակվի շրջանում, թե Բաքվում, ինչպես նաեւ շրջանի մեծությունից, կաշառքի չափը տատանվել է 1-5 մլն դոլարի միջեւ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

 

Ըստ թերթի, Ադրբեջանում հայտնի դատավոր Հասան Ալիեւի այդ գործողությունները բացահայտվել են այն բանից հետո, երբ նա ոչ միայն չի կատարել 600 հազար մանաթ կաշառքի դիմաց «աշխատանքի տեղավորելու» հերթական զոհին տված խոստումը, այլեւ հրաժարվել է վերադարձնել ստացած փողը: Տուժած Ռամազան Սալիմովը դիմել է ոստիկանություն եւ փաստեր ներկայացրել իրենից կաշառք պահանջվելու մասին: «Ես կարող էի մինչեւ 1 մլն դոլար տալ: Ոստի պայմանավորվեցինք, որ առայժմ նա ինձ կնշանակի փոքր շրջանի ղեկավար, իսկ որոշ ժամանակ հետո կլուծի մեծ շրջանի ղեկավարի պաշտոնում իմ նշ անակվելու հարցը», -ցուցմունքում նշել է տուժող Սալիմովը: Վերջինս ցուցմունքում նշել է նաեւ, թե դատավոր Հասան Ալիեւը աշխատանքի տեղավորման հետ կապված իրեն որ պաշտոնատար անձանց հետ է ծանոթացրել, եւ այն մասին, որ բացահայտված գործը փակելու համար Հասան Ալիեւը իրենից բարձր որ պաշտոնյային է 100 հազար մանաթ կաշառք ուղարկել:

 

Ինչպես երեւում է' Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների նոր սկանդալ է հասունանում:

 

Անցյալ տարի Ադրբեջանում սկանդալ էր ծագել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ երկրի խորհրդարանի պատգամավոր «ընտրվելու» համար Բաքվի միջազգային համալսարանի նախկին ռեկտորը մի «միջնորդ» պատագմավորի 2 մլն դոլար կաշառք էր տվել, որը նա պետք է փոխանցեր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւին: